«Միջազգային քաոսը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մեծ աղետների». Հայկ Մարտիրոսյան
157
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 17:06
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփյան Սպիտակ Տուն-Եվրոպա (Ուկրաինա) անսպասելի գերլարվածությունը ոչ թե պատճառ է, այլ արդյունք է աշխարհակարգի փոփոխության, որը հիմնականում Միջին Ամերիկայի քաղաքականությունից ոչինչ չհասկացող ընտրախմբերը, ոչինչ չհասկանալով, պարտադրեցին ողջ Ամերիկային: Հետևաբար և՝ ողջ աշխարհին: Ամերիկյան ազդեցությունն աշխարհում իրականում փլուզվում է, Եվրոպան մնում է առանց լրջագույն աջակցության, Ռուսաստանն ու մյուս ավտորիտար երկրները, ամենաանհավանական սցենարով, փոխանակ թուլանալու, այլևս ավելի են ուժեղանալու: Պատմության մեջ նման պահերը հաճախ են եղել և միշտ ավարտվել են առնվազն տարածաշրջանային տեկտոնիկ տեղաշարժերով: Համաշխարհային անվտանգության հետպատերազմական համակարգն այլևս փլուզված է: Ընդ որում՝ այդ փլուզումը տեղի է ունեցել ընդամենը այս վերջին մեկ ամսվա ընթացքում: Միջազգային քաոսն անպայմանորեն հանգեցնելու է աշխարհաքաղաքական էլ ավելի մեծ աղետների, որոնք շտկել հաջորդ՝ դեմոկրատական վարչակազմն այլևս ի վիճակի չի լինելու: Այդ ընթացքում Իլհամ Ալիևը գրավելու է Երևանը ու մինչ Եվրոպան կհարմարվի նոր աշխարհակարգին և կստեղծի ոչ թե ՆԱՏՕ այլ Եվրոպական միացյալ բանակ ու կմշակի դրա գործունեության մեխանիզմները, Ռուսաստանն ու Թուրքիան կդառնան մայրցամաքային հեգեմոններ: Թուրքիան՝ նախկին Հայաստանի վրայով կմիավորվի Ադրբեջանին և դաշնակից Ռուսաստանի հետ միասին կսկսի թելադրել ոչ միայն Եվրոպային, այլև հենց իրեն՝ Միացյալ Նահանգներին: Իրանում նույնպես արմատական փոփոխություններ կլինեն: Սակայն ամենասարսափելին աշխարհի համար վրա կհասնի, երբ հենց իր՝ ԱՄՆ-ի ներսում կսկսվեն քաղաքական և տնտեսական ցնցումներ: Համաշխարհային կարգն ու տնտեսությունն ամբողջությամբ կախված են Ամերիկայից և Ամերիկայի՝ ինքնամեկուսացումից ու բոլոր դաշնակիցներից ինքնակամ՝ կամավոր հրաժարումից հետո և ներքին անկայունության փուլ մտնելուն զուգահեռ՝ միջազգային ասպարեզում քաոսը կդառնա անկառավարելի: 21-րդ դարում աշխարհի հերթական «կործանումն» այս տեսքն ունի: Եվ առնվազն ևս 50 տարի պետք կլինի, որպեսզի միջին Ամերիկայի՝ քաղաքականությունից ոչինչ չհասկացող ընտրողի ընտրության արդյունքում վրա հասած իրականության փոշին նստի և էլի երկինքը դառնա տեսանելի»: