Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Փաշինյանը պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը»․ Հակոբ Բադալյան

127
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 22:12
«Փաշինյանը պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, բոլորովին պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը:
Այս օրերը արցախյան շարժման տարեդարձիի օրերն են՝ փետրվարի 18-20, իսկ արցախյան շարժումը Հայաստանի Հանրապետության գաղափարախոսական հիմքն է:
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումներից մեկում բաց տեքստով խոստովանել էր, որ դրել է Հայաստանում գաղափարախոսական վերանայման խնդիր:
Այդ իմաստով, կրկնեմ, «ուղերձի» պահն ընտրված է «խորհրդանշականության» հաշվարկով:
Չեմ բացառում, որ դա չէ, իհարկե, միակ հաշվարկը: Կարող են լինել նաև արտաքին այլ հանգամանքներ, մասնավորապես այն գաղափարախոսական «գիծը», որ Մյունխենի համաժողովում առաջ քաշեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը:
Շատերն այս առումով կարծիք են հայտնում, որ Թրամփի թիմի գաղափարախոսական պատկերացումներն ու Փաշինյանի գաղափարախոսական ուղենիշները՝ հակոտնյա են: Առերևույթ՝ այո: Հարցն այն է սակայն, խորքային իմաստով դրանք չեն կարող լինել հակոտնյա, այն պարզ պատճառով, որ դրանք համեմատելի «մեծություններ» չեն: Համեմատելի չեն ոչ թե մասշտաբով, այլ տրամաբանությամբ:
Փաշինյանի՝ «իրական Հայաստանի», այսպես ասած, հայեցակարգային կամ «գաղափարախոսական» առանցքը որևէ կերպ չի աղերսվում Թրամփի առաջ քաշածին, որովհետև Հայաստանը չկա Թրամփի գաղափարախոսական «էքսպանսիայի» հասցեների շարքում:
Դա Փաշինյանի համար կարող է ունենալ ֆինանսական որոշակի հետևանք, բայց ոչ քաղաքական: Որովհետև ֆինանսականն էլ այս կամ այն կերպ փոխհատուցելի է, եթե քաղաքական հետևանքի բաղադրիչ չէ:
Ըստ այդմ, համարձակվում եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այժմ պարզապես խնդիր է դնում «իրական Հայաստանի» իր «գաղափարախոսությունը» որոշակիորեն ադապտացնել ԱՄՆ ու Եվրոպայի միջև «մանևրելու» հնարավոր անհրաժեշտությանը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան