«Ժամեր անց Նիկոլը պաթետիկ դեմքով պարզաբանումներ կներկայացնի». Արմեն Հովասափյան
82
Այսօր, 11:12
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին իշխանական քարոզչամեքենան տեղեկատվական հարթակում հերթական «բումն» ապահովեց․ նախ, չգիտես՝ ինչու համացանցում «հանկարծ» հայտնվեց մեկ ամիս առաջ Հրապարակում տեղի ունեցած մի դրվագ, որտեղ մի խումբ անհասկանալի դեմքեր ինչ-որ վակխանալիա էին կազմակերպել։ Թեմայի հետ կապված արձագանքը, բնականաբար, բուռն էր և էմոցիոնալ։ Դրան զուգահեռ՝ իշխանական անարգված խայտառակ կերպարներից մեկը Հ1-ի տաղավարից Ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնող հերթական «պորցիան» նետեց հանրային տիրույթ, որպեսզի էլ ավելի թեժացնի, առանց այն էլ գերզգայուն թեման։ Ես բնավ չեմ զարմանում, որ տվյալ անաստված կերպարը, ով շատ անգամ է բարձրաձյանել իր հակաքրիստոնեական ու հակահայկական լինելու փաստի մասին, ցինիկաբար այս անգամ էլ հերթական անարգանքը հնչեցրեց սրբադասված հայ զոհերի հասցեին։ Այդ սուբյեկտի կեցվածքը, պահվածքն ու վարքագիծը ոչ միայն խոսում է կոնկրետ իր՝ այլ իր ամբողջ թիմի տեսակի մասին։ Իմ կարծիքով սա պատահական արված «օպերացիա» չէր, այլ ընդհակառակը, հստակ մտածված և նախապես գծած մի պրոցես, որպեսզի այսօր սպասվող Նիկոլի ասուլիս կոչվածից առաջ որոշակի թեմաներ նետվեն օրակարգ։ Կասկած չունեմ, որ ժամեր անց Նիկոլը պաթետիկ դեմքով պարզաբանումներ կներկայացնի և թեման ավելի խորքային կբացի, այլ կերպ ասած՝ ասուլիսի սկզբնախաղն էր։ Նիկոլն ատում է ոչ միայն հային, այլ հայեցիության հետ ասոցացվող յուրաքանչյուր դրվագ․ չէ, սա պաթոս չէ, ոչ էլ պոպուլիզմ, հանկարծ չաղավաղեք միտքս, կամ սենտիմենտալության մեջ չմեղադրեք։ Ասածս, չոր փաստական բնորոշում է։ Ես վաղուց արդեն հասկացել եմ, որ սրանց արածներին ու ասածներին պետք է նայել բացառապես սառը գլխով ու առանց էմոցիաների։ Այդպես շատ ավելի կառուցողական ես լինում և չես տրվում սադրանքներին, որոնք նիկոլական մեքենան փայլուն կերպով 7 տարի շարունակ իրականացնում է։ Քանիցս խոսել եմ այն մասին, որ ՀՀ պետականության հիմքերի քանդման ստարտը տրվեց 2020 թվականի ամանորին, երբ «պատահաբար» հրապարակում չհնչեց ՀՀ օրհներգը։ Այդ դրվագը շատերն անտեսեցին, շատերն ուղղակի չցանկացան խորամուխ լինել, սակայն ամեն ինչ գուժում էր աղետի մասին։ Մարդիկ հաճախ, Նիկոլի «պրյոմներին» տրվելով, մոռանում են, թե մենք ինչ կարգավիճակից ինչպիսի փալասային իրավիճակում ենք հայտնվել, ու ուղեղները բթացրած շարունակում են իրենց թմբիրային կյանքը՝ տուրք տալով բացառապես ստամոքսի կրքերին, սակայն վերջնական մահաբեր պայթյունը հեռու չէ․ գուժկան չեմ, ոչ էլ սև ագռավ, որ պեսիմիզ քարոզեմ ու մարդկանց ահաբեկեմ, ո՛չ, ուղղակի տեսնում եմ այն ահռելի ալիքը, որ հիմնովին մաքերլու է ՀՀ-ն։ Դա գիտի Նիկոլը, ոչ միայն գիտի, այլ այդ ալիքը ստեղծած թուրք-ադրբեջանական մանգաղի հետ կնքել է սատանայական դաշն, իսկ սեփական թիմն այն ծափ տալով իրականացնում է։ Նիկոլական վախերի ալֆան ու օմեգան խաչվում են «նախկինների» շուրջ, ու դա գաղտնիք չէ և հենց դրանով պայմանավորված, նա արմատախալի է անում այն ամենը, ինչը հանրային տիրույթում ասոցացվում է «նախկինի» հետ։ Եկեղեցի, բանակ, Սահմանադրություն, պետական խորհրդանիշներ, Ցեղասպանություն, ավանդական արժեքներ, Արարատ լեռ, պատմական հաղթանակներ, էպիկական հերոսներ, գեներալներ, նախագահներ, ահա այն շարքը, որոնցից միջնադարյան վամպիրի նման սարսափում է Նիկոլը։ Հենց դրանով պայմանավորված՝ գծած, քայլ առ քայլ գնում է իր վախի կաղապարների ջախջախմանը։ Սերունդները կարդալու ու իմանալու են, թե իրականում ո՞վ բերեց Նիկոլին և ինչո՞ւ, և, ի վերջո, ով ազատեց Հայաստանը նիկոլական աղբից»: