Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

ԱԱԾ-ի նոր բացահայտումը

155
Երեկ, 11:24
ԱԱԾ-ի նոր բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
Պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
Մասնավորապես՝ սույն թվականի հունվարի 10-ին Մեղրի համայնքի հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ՀՀ քաղաքացիներ Ռ․Ս-ն, Ա․Ա-ն և Կ․Ս-ն ձերբակալվել են և իրենց ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության վարչական տարածք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված՝ համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնված քրեական վարույթով կատարված խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց, որից 8 կգ «Մարիխուանա» և 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ռ․Ս-ի, Ա․Ա-ի և Կ․Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում։

ԱԱԾ-ի նոր բացահայտումը