Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

«ՀՀ կառավարությունը սահմանել է այնպիսի նորմեր, որոնք վատթարացնում են բուժաշխատողների վիճակը»․ Ծաղիկ Վարդանյան

117
Այսօր, 13:48
«ՀՀ կառավարությունը սահմանել է այնպիսի նորմեր, որոնք վատթարացնում են բուժաշխատողների վիճակը»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկարացնում են բուժաշխատողների աշխատաժամանակը, որ ԼԱ՛Վ աշխատեն։
Առողջապահական տարբեր ենթաոլորտներում հակասական «բարեփոխումների» շարասյունը հանգրվանել է աշխատաժամանակի տիրույթ:
2025 թվականի հունվարի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատաժամերի առանձնահատկությունները սահմանող կառավարության որոշումը փոխվել է: Արդյունքում կամ ընդհանրապես կարճ աշխատաժամանակը հանվել է, օրինակ՝ ֆիզիոթերապևտիկ բուժանձնակազմի, ԲՍՓՀ-ի, արյան փոփներարկման կայանների, միկրովիրաբուժների և այլի համար՝ պատճառաբանելով, որ այլևս դրանք վտանգավորություն չունեն: Իսկ մի շարք մասնագետների խմբերի համար էլ աշխատաժամանակը երկարացրել են, օրինակ՝ ԱԱՊ բժիշկները, այսուհետ շաբաթական 33 ժամի փոխարեն աշխատելու են 36 ժամ, բայց սա բոլորը չէ, նրանց համար ամրագրված է անցումային դրույթ՝ 2027 թվականից ավելի երկար կաշխատեն: Եվ չգիտես ինչու, թերապևտների, մանկաբուժների, ընտանեկան բժիշկների մասով աշխատաժամանակի փոփոխությունը կապել են առողջության պարտադիր ապահովագրության հետ:
Այսպիսով, ՀՀ առողջապահության նախարարություն, ձեր «փափուկ» ձեռքով ՀՀ կառավարությունը սահմանել է այնպիսի նորմեր, որոնք վատթարացնում են բուժաշխատողների վիճակը՝ նրանց զրկելով երկարացված ամենամյա արձակուրդից և ավելի կարճ տևողությամբ աշխատաժամանակից:
Բայց ՀՀ կառավարությունը սույն իրավական ակտի ընդունելուց մոտ 6 ամիս հետո «փոշմացել է» և սկսել հոգ տանել աշխատողների մասին: Ի հեճուկս առողջապահության ոլորտի կառավարիչների, փաստորեն մեր Կառավարությունում կան նաև «լավ» և «բարի» մտածողներ, ովքեր ավելի մանրամասն են ուսումնասիրել ներկայից աշխատանքային օրեսդրության աշխատաժամանակի տենդենցները և ահա Հայաստանի Հանրապետության Աշխատանքային Օրենսգրքում փոփոխություններ և լրացում են նախապատրաստում՝ «առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։»:
Իրականում այս մոտեցումը ավելի մարդակենտրոն է և համոզված եմ, որ բացասաբար չի անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա: Դա է փաստում նաև ԱՀԿ-ի ԱՄԿ-ի հրապարակումները առ այն, որ երկար աշխատանքային ժամերը կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ՝ սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, խթանել դեպրեսիան ու սթրեսը: Տպավորություն է, որ առողջապահության կառավարիչներին բժիշկների, բուժքույրերի առողջությունը առանձնապես չի հետաքրքրում:
Ստացվում է, որ Առողջապահության նախրարությունը օրինակ ԱԱՊ բժիշկների, հոգեբուժների, ՀՏ, ՄՌՏ, մամոգրաֆիկ և այլ հետազոտություններ իրականանողնողների համար 36 ժամ է սահմանել, իսկ ՀՀ աշխատանքային օրեսգիրքը նախատեսելու է 35 ժամ,։ Միկրովիրաբուժների, ֆիզիոթերապիայի աշխատակիցների համար ԱՆ-ի սահմանած 40 ժամի փոխարեն 35 ժամ են առաջարկում օրենսգրքով։
Օ՜, ինչ շրջադարձային փոփոխություն, ընդամենը 6 ամսում աշխատողի նկատմամբ վերաբերմունք է փոխվում….
Սա հերթական ապացույցն է, որ կառավարման իրական բոլոլա է, զավեշտալի քաոս՝ աջ ձեռքը ձախից տեղյակ չէ։
Քանի՞ անգամ պետք է այսօրինակ անտրամաբանական, իրականությունից կիլոմետրերով հեռու որոշումներ ընդունեք, առողջապահությունը դարձնեք փորձադաշտ, ապա սկսեք «սվաղ» անել, իսկ ձեր ղեկավարների մոտ տարբեր պատճառաբանություններ բերեք՝ հիշեցնելով, որ դուք շատ նվիրված եք «ընդհանուր գործին»:
Հ. Գ. Ո՞ւր են մեր մասնագիտական ասոցիացիաները, որտե՞ղ են առողջապահական հանրության ներկայացուցիչները: Ձայն բարբառո անապատի....
2024 թվականին 78 օր անընդմեջ Շվեդիայում բուժաշխատողները 16 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի իրենց աշխատանքային ժամերի և ցածր աշխատավարձի դեմ: Մենք լուռ ենք ինչպես ձուկը.....
Նիկոլ Փաշինյան, եթե այս ամենը հանդուրժում եք հանուն գալիք ընտրությունների, ապա շատ «հետաքրքիր» արդյունք եք ստանալու»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան