Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

«Թուրքիան հայտնվել է փակուղում». Մհեր Հակոբյան

184
Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 22:30
«Թուրքիան հայտնվել է փակուղում». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը, «Ինչպես և սպասելի էր, Սիրիայի հարցը ոչ մի կերպ չի սպառվում։
Թուրքմեն բաշիբոզուկները, որոնք սրընթաց հարվածով սրբեցին Ասադի ռեժիմը, այժմ հայտնվել են հենց այն փակուղու մեջ, ինչը ես մատնացույց էի անում մեկ ամիս առաջ: Ասադի ռեժիմի հիմնական հիմքը կազմող ալիևները առանց այդ էլ չէին ընդունում թուրքմեններին, իսկ այն բանից հետո էլ, երբ սրանք բռնություններ սկսեցին ալևիների նկատմամբ և նույնիսկ, ըստ լուրերի, կոտորեցին մի ողջ գյուղ բնակչություն, ալևիները անցան բացահայտ դիմադրության: Արդյունքում, թիկունքում ունենալով Իսրայելի աջակցությունը, ալիևները ըստ էության վերացրել են թուրքմենների իշխանությունը Դամասկոսից հարավ ընկած տարածքների նկատմամբ: Իր հերթին Իսրայելին պետք է, որ այստեղ լինի հենց այս ուժը, որը միշտ թույլ կլինի ու կախված կլինի իրենից, Իսրայելին պետք չէ, որ այստեղ լինեն սուննի ֆանատիկ էրդողանական բաշիբոզուկները:
Առավել հետաքրքիր է, սակայն, իրավիճակը քրդերի պարագայում: Մեմբիջի անկումից հետո վերջին մի քանի շաբաթում թուրքմենները փորձում էին անցնել Եփրատը և շարունակել քրդերի տարածքների գրավումը, սակայն այդ փորձերը հաջողություն չբերեցին՝ չնայած նույնիսկ այն բանին, որ սրանց բացահայտ օգնում էին թուրքական օդուժն ու հրետանին, ընդ որում ավելորդ էլ է ասել, որ գետնի վրա անկասկած գործում էին նաև թուրքական հաստիքային ուժերը հատուկջոկատայիններից: Սրանով հանդերձ՝ հաջողություն չեղավ:
Ավելին, վերջին օրերին քրդերը հակահարված հասցրին և մի լայն հատվածում հետ մղեցին թուրքմեններին Եփրատի աջ ափից՝ հարավ-արևելքից սկսելով մոտենալ Մեմբիջին: Քաղաքը դեռ հեռու է, բայց գոնե այժմ նախաձեռնությունը քրդերի կողմում է: Թուրքիան հայտնվել է փակուղում, երբ պաշտոնական Անկարան կամ պետք է ուժեղացնի աջակցությունը բաշիբոզուկներին, իսկ դա ռիսկ է ստեղծում ներքաշվել բավականին մեծածավալ մի պատերազմի մեջ, սակայն չաջակցելը ևս ելք չէ, քանի որ ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերը սպառնում են առնվազն հետ վերցնել Մեմբիջը: Այս առումով մանր, բայց հատկանշական դետալ՝ Հալեպը արդեն ամսից ավել գտնվում է թուրքմենների խորը թիկունքում, սակայն նույն այդ քաղաքի հյուսիսային երկու թաղամասերում ամրացած քրդական ջոկատները, կարծես Բրեստի ամրոցը լինի, լիակատար շրջապատման մեջ արդյունավետ դիմադրություն են կազմակերպում բաշիբոզուկներին՝ փաստացի պահելով այդ թաղամասերն իրենց ձեռքում…
… Երեկ Ուկրաինան հրաժարվեց այդուհետ իր տարածքով դեպի Եվրոպա թողնել ռուսական գազը: Հյուսիսային հոսք 1-ը պայթեցվել է դեռ 2022 թ-ին, իսկ նույն այդ ժամանակ մասնակից պայթեցված Հյուսիսային հոսք 2-ն այդպես էլ չգործարկվեց: Այժմ ռուսական գազը Եվրոպա է հասնում ՄԻԱՅՆ Թուրքական հոսքով: Գործնականում հաստատված է, որ Հյուսիսային հոսքերը պայթեցրել է ԱՄՆ/Բրիտանիա զույգը: Ուկրաինան ևս փակեց ճանապարհը հենց այս զույգի դրդմամբ, և սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը արդեն իսկ սկսել է իր ջրիկ գազի ներմուծումը Եվրոպա՝ նպատակ ունենալով հենց ինքը գրավել աայդ խիստ շահավետ շուկան…
Ավելի էժան, արդյունավետ և հասանելի ռուսական գազը Եվրոպա էր հասնում երեք ճանապարհներով, որոնցից երկուսն արդեն չկան: Մնում է թուրքական ճանապարհը և տրամաբանական է թվում, որ, ինչքան էլ այդ ճանապարհը ձեռնտու է Էրդողանին ու Պուտինին, նույնքան էլ վերջինիս ոչնչացումը պետք է ձեռնտու լինի ամերիկաբրիտանական փողի տոպրակներին:
Քրդերը սկսում են հաջողության հասնել: Միգուցե այս երկու փաստերը կապ ունեն միմյանց հետ»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան