««Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու երեսները». Հայկ Դեմոյան
67
Այսօր, 17:12
Պատմական գիտությունների դոկտոր հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու երեսները։ Լուսանկարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման գործողությունների մեջ կասկածվող Հայկակ Արշամյանն է: Կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2018 թ. աշխատել է վերջերս սափրված Նիկոլ Փաշինյանի օգնական և ժանրի կանոնների համաձայն, պատմական գիտությունների թեկնածու Հայկակը մորուք էր թողել՝ որպես առաջնորդին հավատարիմ լինելու ու թավշուկների կաստային հարելու իր պատրաստակամության ապացույց: Ավելի վաղ Հայկակ Արշամյանը աշխատել է «Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում որպես հաղորդակցության և ջատագովության համակարգող։ Կրկնում եմ հաղորդակցության, ասել կուզի՝ կոմունիկացիայի ու ջատագովության համակարգող: Տերդ մեռնի գիտություն…Այս տարի երկու գրություն եմ ուղղել այս պատմաբանին, պահանջելով, որ ինձ լրատվամիջոցների ներկայությամբ ցույց տա իմ ստորագրությամբ 2016 թ. կնքված պայմանագրի մայր օրինակը, որի համաձայն 820.000 ԱՄՆ դոլարը ի պահ էր տրվել հիմնադրամին՝ հինգ տարի ժամկետով: Հայկակը համառորեն չի ուզում դա անի: Զավեշտալի է, չէ՞, նույն ֆակուլտետի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածուն չի ցանկանում հանդիպել պատմական գիտությունների դոկտորի հետ՝ թեկուզ որպես կոլեգա: Այդ իսկ պատճառով նրան ժամանակավոր գրանցում ենք պատմակեղծարարների պատկերասրահում՝ փաստաթղթեր կեղծողների ու ոչնչացնողների սրահում: Ու քանի որ ես միշտ բարի ու մեծահոգի եմ, պատմակեղծարարի ու հանցագործի մեղադրանքները կհանվեն Հայկակ Արշամյանի վրայից, եթե վերջինս ինձ ու զլմների ներկայացուցիչներին կհրավիրի հիմնադրամի գրասենյակ ու ցույց կտա իմ ստորագրությամբ ի պահ տրված գումարի պայմանագրի օրինակը, բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու որոշումը, վճարված տուգանքի կտրոնը և, ամենակարևորը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը՝ այդ այդ գումարի նպատակային օգտագործման մասին: Հաշվեհամարը փակվել է 2018 թ. մայիսի 15-ին: Lուրջ հիմքեր կան կասկածելու, որ այն կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Նշեմ նաև, որ ԱԱԾ-ի ներկայացուցչի հավաստմամբ, հիշյալ պայմանագրի օրինակը նույնպես ոչնչացված է, այնպես ինչպես ոչնչացվել է ՀՑԹԻ օրինակը՝ Հարություն Մարությանի տնօրինության օրոք: Այսօր կոռուպցիոն լրջագույն մեղադրանքի տակ գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամը տելետոն է անցկացնելու: Գումար փոխանցելիս հիշեք այս խայտառակ ու քստմնելի պատմության մասին...»: