«ԵՄ դիտորդական առաքելության հարցում քաղաքական առևտրի նոր փուլ է»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ՝ Եվրոմիության դիտորդական առաքելության հետ դիտարկում կատարելու: Սա խորհրդանշական հանգամանք է նախ այն պատճառով, որ Երասխը ըստ էության այդ առաքելության կարողունակության կամ նշանակության չափազանցության օրինակ է: Երասխում էր, որ մասնավոր ընկերությունը՝ պաշտոնապես հայ-ամերիկյան, մտադիր էր կառուցել մետալուրգիական գործարան: Գործարանը պետք է կառուցվեր Հայաստանի ինքնիշխան տարածքում: Բայց, Ադրբեջանը թույլ չտվեց անել դա: Պարբերաբար նաև կրակում էին շինարարության ուղղությամբ, անգամ վիրավորվել էր շինարարության վրա աշխատող՝ ազգությամբ հնդիկ ԱՄՆ քաղաքացի: ԱՄՆ պետքարտուղարությունը այդ առնչությամբ հայտնեց մտահոգություն: ԱՄՆ այլ քաղաքացիներ Երասխում այլևս չվիրավորվեցին, բայց Ադրբեջանը չդադարեց կրակել ու սպառնալ, պահանջելով «հեռու տանել» գործարանը, հիշեցնեմ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում կառուցվող, ոչ ռազմական նշանակության գործարան: Ներդրողները բարձրացրին ԱՄՆ դրոշը, ակնկալիքով, թե դա կկանգնեցնի Ադրբեջանին: Չկանգնեցրեց: Հայաստանի ԱԳՆ կազմակերպեց ԵՄ դեսպանների այց, եկան, տեսան, ինչ որ բաներ արձանագրեցին, սակայն ոչ մի փոփոխություն: Մեկ էլ, մի օր հանկարծ տեղեկություն է հայտնվում ԵՄ դիտորդական առաքելության՝ X-ի միկրոբլոգում, որտեղ տեղեկացնում են, թե դիտորդները ապահովում են գործարանի կիսատ շինարարության անվտանգ տեղափոխումը այլ տարածք: Այսինքն, դիտորդները ոչ թե ապահովում են գործարանի անվտանգ շինարարությունը Հայաստանի տարածքում, այլ՝ անվտանգ տեղափոխումը: Այստեղ ուշադրության արժանացնենք հետևյալ հանգամանքը. փաստորեն Բաքուն ոչ միայն թույլ չէր տալիս կառուցել, այլ, դատելով ԵՄ դիտորդների գրառումից՝ կարող էր նաև թույլ չտալ անվտանգ տեղափոխում: Ըստ ամենայնի, հասկանալով իրավիճակի և իրենց գրառման տողատակային ամբողջ ցինիզմը, ԵՄ առաքելությունը խմբագրեց գրառումը, թեև բուն իրականությունը խմբագրելն իհարկե հնարավոր չէ: Իսկ իրականությունն այն է, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը անկարող էր ապահովել ոչ ռազմմական գործարանի կառուցումը Հայաստանի սահմանամերձ հատվածում: Հիմա, հարց՝ եթե դիտորդներն ի վիճակի չէին ապահովել դա, ինչպե՞ս կարող են կանխել Ադրբեջանի որևէ լուրջ ռազմա-քաղաքական սադրանք: Պատասխանը հետևյալն է՝ միայն քաղաքական սակարկության, առևտրի միջոցով, այլ ոչ թե քաղաքական ազդեցության: Եվ հիմա ԵՄ դիտորդական առաքելության հարցում քաղաքական սակարկության, առևտրի նոր փուլ է, որովհետև շատ շուտով՝ կարծես թե փետրվարին սպառվում է տեղակայման մանդատը և պետք է կայացնել որոշում դրա հետագա ճակատագրի վերաբերյալ: Ադրբեջանն ինչպես հայտնի է պահանջում է, որ սահմանին չլինեն դիտորդներ: Իսկ Հայաստանն էլ փաստացի առնվազն կիսով չափ ընդունել է այդ պահանջը, հայտարարելով, որ Բաքվին առաջարկում է դիտորդներ չլինեն սահմանազատված հատվածներում: Երևանը գուցե փորձում է այդ առաջարկով ինչ որ կերպ մանևրել, սակայն Երևանն այդ հարցում ընդամենը մեկն է այն բազմաթիվ սուբյեկտներից, որոնք մասնակցելու են դիտորդական առաքելության մանդատի հեռանկարի շուրջ սակարկումներին: Իսկ այդ տեսանկյունից, ինչպես նշել եմ դեռևս շաբաթներ առաջ, էական ուշադրության է արժանի փաստը, որ Ադրբեջանը դիտորդական առաքելության հանդեպ անվստահության հարցը բարձրացրել էր ռեգիոն այցելած, Երևանից հետո Բաքու մեկնած ՆԱՏՕ ռազմական միջազգային շտաբի պետ, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակության առաջ: Ինչո՞ւ ՆԱՏՕ-ի առաջ, որը ըստ էության ոչ մի կապ չունի այդ առաքելության հետ: Արդյո՞ք այդ խողովակով Թուրքիայի ներգրավման հող նախապատրաստելու կամ շոշափելու համար: Եվ ինչո՞ւ Հայաստանի ու ԵՄ միջև ամիսներ առաջ կնքված համաձայնությամբ, ԵՄ-ն ստացել է դիտորդական առաքելության կազմում «ոչ ԵՄ անդամ» երկրների ներկայացուցիչ ներգրավելու իրավունք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36