Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Նախքան նման որոշումների ընդունումը, պետք է հաշվի առնվեր քաղաքացիների վճարունակության մակարդակը». Տիգրան Արզաքանցյան

134
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 12:30
«Նախքան նման որոշումների ընդունումը, պետք է հաշվի առնվեր քաղաքացիների վճարունակության մակարդակը». Տիգրան Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետության կողմից հանրային կյանքին առնչվող և քաղաքացիների վրա անմիջական ազդեցություն ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական բոլոր գործոնները և դրանց հնարավոր հետևանքները։
Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը և Կառավարության կողմից որոշակի խմբերի գործունեության հարկման դրույքաչափի՝ հունվարի 1-ից գրեթե կրկնակի բարձրացումը գուցե կարող էր ընդունելի լինել պետական բյուջեի մուտքերի ավելացման համար, եթե դրանք հիմնավորված լինեին և մաս կազմեին ավելի ընդարձակ և համակարգված բարեփոխումների ծրագրի, այդ թվում՝ հստակ լիներ լրացուցիչ հավաքագրվող գումարների ծախսման ուղղությունները։
Սակայն այսօր Հայաստանի տնտեսության աճը այնքան զգալի չէ, որ հնարավորություն տա միջին խավին ապահովելու եկամուտների աճ և դրա հաշվին տրանսպորտային ծախսերի ավելացում։ Ուստի, նախքան նման որոշումների ընդունումը պետք է հաշվի առնվեր քաղաքացիների վճարունակության մակարդակը, ինչպես նաև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի և ընդհանուր տնտեսության վրա փոփոխությունների հնարավոր ազդեցությունը։
Քաղաքական գործիչները և քաղաքական ուժերը պետք է ձևավորեն նախընտրական խոստումները և ծրագրերը պահպանելու քաղաքական մշակույթ։ Նախընտրական պայքարում հնչում էին խոստումներ տրանսպորտային ցանցը բարեփոխելու, խցանումները վերացնելու, սպասարկման որակը բարելավելու, քաղաքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեներով որոշելու մասին։ Սակայն քաղաքացիների քվեն ստանալուց հետո այդ խոստումները չեն կատարվում։
Հանրային նշանակության նման գործընթացներում, ինչպիսիք են հարկային բեռի և տրանսպորտային սակագների փոփոխությունները, անհրաժեշտ է գործել թափանցիկ, կազմակերպել հանրային լայն քննարկումներ և ներգրավել ոլորտի մասնագետների ու մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ իրականացնելու համապարփակ և բազմակողմանի ուսումնասիրություն, որպեսզի գնահատվեն նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա ակնկալվող փոփոխությունների հնարավոր բացասական հետևանքները։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել նաև միջազգային փորձը, օրինակ՝ տրանսպորտային սպասարկման ոլորտում այն եվրոպական երկրների դրական փորձը, որտեղ տրանսպորտն անվճար է։
Այդպիսի քայլերը հնարավորություն կընձեռեն խուսափելու հատվածային, կտրուկ ու չհիմնավորված որոշումների կայացումից և իրականացնելու տնտեսական, ֆինանսական և սոցիալական առումով իսկապես հիմնավորված բարեփոխումներ։ Մեր ժողովուրդը արժանի է պրոֆեսիոնալ և իր հոգսերի ու խնդիրների նկատմամբ հոգատար կառավարման»: