Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Աջ ու ձախ անգրագիտություն և տգիտություն է տիրում»․ Մեխակ Սայադյան

178
Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 12:18
«Աջ ու ձախ անգրագիտություն և տգիտություն է տիրում»․ Մեխակ Սայադյան

Իջևանի «Դենդրոպարկ»-ի համահիմնադիր Մեխակ Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աջ ու ձախ անգրագիտություն և տգիտություն է տիրում։
Համալսարանների, քոլեջների, դպրոցների ու էլի ինչ որ ուսումնական կոչվող միավորների պակաս չկա։
Սակայն չկա որակ, չկա և վերջ...
Կարդում ենք, լսում ենք, տեսնում ենք, որ կրթությունից, նրա որակից խոսում են շատերը (մեկն էլ ես), սակայն չենք լսում դպրոցների մանկավարժների, քոլեջների և համալսարանների դասավանդողների ձայնը։
Բոլորն էլ գիտեն, որ կրթական որակ՝ որպես այդպիսին, և արդյունք, պարզապես չկա։
Իսկ ինչո՞ւ չկա, նույնպես գիտեն...
Գիտեն, սակայն ձայն չեն հանում, նույնիսկ ծպտուն չեն հանում...
Գիտե՞ք ինչու։ Որովհետև վախենում են։
Վախենում են կորցնել աշխատատեղը։
Եվ այդպես էլ վախեցած ու վախենալով մտնում են դասարան ու լսարան, և...լռում։
Ժամանակին ուսուցիչը կարող էր շատ բարձր ամբիոններից, ռադիոյով, թերթում, հեռուստատեսությամբ արտահայտել իր և կոլեկտիվի կարծիքը, պնդել իր ասածը, համոզել, փաստեր բերել, հիմնավորել։
Հիմա դա չկա։ Չկա, որովհետև կարող են արագ դուրս շպրտել, և իր փոխարեն ավելի հարմարվող և լռակյացի բերել։
Արդյունքում կրկին կտուժի դպրոցը, ԲՈւՀ֊ը, ուսումնարանը և այլն։
Քանի տասնամյակ է մտավորական համարվում է ուսուցիչը, դասախոսը, դերասանը, երգիչը, բանաստեղծը, արձակագիրը, լավ ճառասացը...
Բայց ոչ ինժեները (մեխանիկ, շինարար, երկրաբան, անտառագետ և այլն), ճարտարապետը, ֆիզիկոսը, քիմիկոսը, աստղագետը։
«Կլասիկ մտավորական» համարվողների 1֊5%֊ն է մերթ ընդ մերթ կարողացել թոթափել վախը վերևներից և հանդես գալ երկրի կարևոր հարցերի շուրջ։
Ներկայումս, ինչպես նշեցի, ՀՀ֊ում բնակվող, իրեն մտավորական համարող (լինի ուսուցիչ, գիտնական, երաժիշտ, կամ շինարար...) պետական աշխատանք ունեցող ոչ մի անձ պրոբլեմներից (հիմնախնդիրներից) չի խոսում. Վախենում է։
Վախենում է կորցնել աշխատանքը և կատարում է իրեն թույլ տրված պարտականությունները։
Հիշենք Ռ.Հախվերդյանի հեղինակային երգը-Եղիր հեզ, ինչպես եզ...
Եվ աշակերտ կամ ուսանող «խաղցնող» ուսուցչադասախոսական կազմը ատեստատի կամ դիպլոմի է հասցնում ոչ մի բանի պիտանի, երկրի վաղվա օրվա համար անպատրաստ քաղաքացու, ով նույնիսկ իր հարազատ լեզվին չի տիրապետում։
Ինձ մտերիմներիցս երբեմն ասում են.
- Ախր երկար ես գրում, այդքանը ո՞նց կարդանք։ Դա ինձ ասում են բարձրագույն կրթությամբ կամ էլ դիպլոմավոր մարդիկ։
Ֆեյսբուքյան ընկերներիս մեջ պրոֆեսոր դասընկեր ունեմ (բանասեր), ով երբեք չի արձագանքում գրածներիս, նույնիսկ բույսերի մասին նյութերիս։
Դե, աշխատավարձ է ստանում։
Որևէ լուրջ մտահոգություններով էլ հանդես չի գալիս։ Երևի այդպես լավ է։
Երիտասարդ մարդիկ անգլերեն տառերով են գրում, իրար հետ շփվում հայերեն «բառերով»։ Սա աղետ է։
Հետսովետական երկրների մեջ ամենավատ տվյալները դպրոցականների մեջ հայերինն են։ Հայերեն նորմալ կարդալը չգիտեն, մի զգալի մաս նույնիսկ դպրոց չի հաճախում։
Այս երիտասարդ մարդիկ չեն պատկերացնում, որ վաղը, մյուս օրը հասարակ սևագործ աշխատանքի մտնելու համար խնդիր են ունենալու։
Չգիտեմ դա ինչպես է ստացվում, որ նույնիսկ միջին, միջինից ցածր ապրուստով ապրող ընտանիքի երեխային նվիրում են բարձր որակի հեռախոս, այնպես, որ ֆիրմայի նշանը երևա, կամ հագուստի վրա երևա հայտնի ֆիրման։
Օրինակ եվրոպական կամ ամերիկյան հարուստները դա աշխատում են ծածկել, չերևացնել, իսկ այստեղ ցույց են տալիս, որ տեսեք, ես սա կարողացել եմ գնել։
Չգիտեմ, կկարդա՞ն արդյոք գրածս նրանք, ում ուղղված են մտքերս։
Ուսուցիչները և դասախոսները երևի կկարդան, սակայն արձագանքել չեն համարձակվի։
Մեկ մեկ ֆեյսբուքում մտավորական հարցնողներ կան, ովքեր երբեք իմ բազմատեսակ հոդվածներին չեն արձագանքում։
Լրատվականներն առավել ևս։
Ասելու և ապացուցելու թեմաներ շատ կան։
Մտավորակա՞ն եք ուզում։ Այստեղ եմ»։

Աղբյուրը`   Մեխակ Սայադյան