«Կայացվել է հեռացման որոշում՝ երկրպագուների «գոլորշին բաց թողնելու» նպատակով»․ Հակոբ Բադալյան
119
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ., 09:48
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետրակովն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Ֆեդերացիան է որոշել այդպես՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում տնային պարտությունից հետո: Ընդ որում, որոշումը հայտարարվել է խաղից գրեթե անմիջապես հետո, կարծես թե նույնիսկ Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսին զուգահեռ: Ըստ ամենայնի, ֆեդերացիայի որոշումը առավելապես պայմանավորված է եղել ընդամենը երկրպագուների դժգոհության սլաքը իր վրայից հանելու մտայնությամբ: Որովհետև, համենայն դեպս խաղի ընթացքի առումով պատկերն այնպիսին չէր, որ հավաքականը ձախողել էր խաղը, ամոթալի, անպատբավեր ֆուտբոլ էր խաղացել և դրա համար անմիջապես պետք էր հեռացնել մարզչին: Ավելին, մինչև գոլ բաց թողնելը հավաքականն ուներ գոլ խփելու ավելի շատ հնարավորություն և մեկն օգտագործելու դեպքում կարող էր լինել այլ պատկեր: Բայց, այլ պատկեր լինելու դեպքում դա կնշանակե՞ր, որ ամեն ինչ հաջող է: Իհարկե ոչ: Հետևաբար, պետք է մարզչի, մարզչական շտաբի աշխատանքի համակարգային գնահատական: Բայց, այդ դեպքում գուցե իրավիճակը հասնի նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի աշխատանքի որակին: Այդ պատճառով էլ խաղից անմիջապես հետո կայացվել է մարզչին հեռացնելու որոշում՝ երկրպագուների «գոլորշին բաց թողնելու» նպատակով: Հետևաբար, երկրպագուներն էլ, ևառավել ևս ֆուտբոլային մասնագիտական հանրությունը, չպետք է «բաց թողնեն» իրավիճակը և հարցը պահեն համակարգային պահանջների տիրույթում, որպեսզի հավաքականների գլխավոր մարզիչները չդառնան ֆեդերացիաների ղեկավարների քավության նոխազներ: Ընդգծեմ, հարցն այն չէ, որ Պետրակովն «ինչ աներ»: Ես բացարձակ համաձայն չեմ այդ շեշտադրմանը, թե այս հավաքականով ավելին հնարավոր չէ: Մարզչի խնդիրը հենց առավելագույն արդյունքի հասնելն է և պնդել, թե սա՞ է հավաքականի այս կազմի առավելագույնը, կարծում եմ հիմնավոր չէ: Բայց, շատ կարևոր է, որ հարցերը դրվեն և չափվեն համակարգային, ընդգրկուն շրջանակով, որովհետև մարզչի հարցում որոշումների էֆեկտիվությունը կախված է լինելու հենց այդ հարցադրումների որակից»: