Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

Պատերազմում նահատակված Հայկ Մանուկյանին 4 տարի անց հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը

133
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 23:06
Պատերազմում նահատակված Հայկ Մանուկյանին 4 տարի անց հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը

Պատերազմից 4 տարի անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է Հայկ Մանուկյանի զոհվելու փաստը: Այսօր նրա մասունքները հողին են հանձնել՝ իր իսկ ծննդյան օրը:
Նրա ընկեր Սիմա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Գերին չի կարա հերոս լինի...»
Էս բառերը անցած 4 տարում, տարբեր առիթներով իմ դեմքին են շպրտել Հայկից տեղյակ ու անտեղյակ բազում մարդիկ։ Շպրտել են ու չեն հավատացել, որ ինքը ողջ ա, բայց ուժ չեն ունեցել դա իմ դեմքին ասելու։ Ուժ չեն ունեցել նույնիսկ աչքերիս մեջ նայելու։
Բայց էս գրառումն իրենց մասին չի։ Հերոսների մասին էլ չի։ Ձեզ մի գաղտնիք ասեմ՝ հերոսներ չեն լինում։ Հերոսներին «պարգևատրում են» էդ կոչումով հետո, շատ հետո, մարդիկ, ում էդպես ա պետք։
Հայկը ոչ գերի էր ընկել, ոչ էլ հերոս դառնալու նպատակ ուներ։ Հայկը սովորական տղա էր՝ սպայական կրթությամբ ու անտառագետի մասնագիտությամբ, ով երազում էր իր երկրի համար հզոր մասնագետ դառնալ։ Արտակարգ հումորով, հասնող, ընկերասեր ու մարդկանց մի հայացքից ճանաչող։ Հայկը ամեն մեկին իրեն մոտիկ չէր թողնում։ Ես ինձ բախտավոր էի զգում՝ էդ եզակիներից լինելով։ Հայկն իմ ծնունդը երբեք չէր շնորհավորում, ես էլ իրենը չշնորհավորեցի 2020 թվի հոկտեմբերի 12-ին (դե թող նեղվի ու գոնե մի անգամ էլ ինքը շնորհավորի)։ Էդ օրվանից Հայկը կապի դուրս չեկավ։

4 տարի ուշացել եմ, բայց ինչ արած՝ ծնունդդ շնորհավոր։

Նվերներ եմ պահել քո համար՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, խեղված հայրենակիցներ ու ամեն ինչի իմաստազրկում։ 4 տարի պատկերացրել եմ, թե ինչպես պիտի կանգնեմ քո առաջ, նայեմ աչքերիդ մեջ ու արդարանամ էս ամենի համար՝ տնայինը չարած աշակերտի նման (երանի գլուխս տանը մոռանայի)։ Բայց էդ օրը չի գա, որովհետև ես միշտ գերազանցիկ եմ եղել ու արդարանալու ձևերը չգիտեմ, իսկ դու ծնունդիդ օրով քեզ մեծ նվեր ես արել։

Մի քանի ժամից մենք քեզ 4 տարի ուշացումով կհանձնենք հողին, հետո ես նորից ինքնաթիռ կնստեմ ու կփախնեմ էս իրականությունից։ Իրականությունից, որը 6 տարի առաջ միասին ենք ստեղծել՝ իրար թիկունքի կանգնած։ Իրար հավատալով։ Ներողություն քեզնից պիտի խնդրե՞մ, թե՞ պահանջեմ։ Իսկ ո՞վ ա երբևէ մեղավոր եղել երազելու համար։ Սիրուն ու խաղաղ հայրենիք երազելը մեղք ա՞։ Փաստորեն հա։ Ինչևէ։

Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Աշխարհի կենտրոնը մեզնից խլել են, չկա էլ, մեզ աշխարհի ծայրն ա մնացել։ Կհանդիպենք էնտեղ»։

Աղբյուրը`   Սիմա Օհանյան