Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.

«Երեկվա իրադարձությունների շուրջ աղմուկը շարունակվում է»․ Զառա Հովհաննիսյան

44
Երեկ, 22:42
«Երեկվա իրադարձությունների շուրջ աղմուկը շարունակվում է»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ խոսում ենք դպրոցներում սեռական կրթությունից ու սեռական բռնության կանխարգելման ընթացակարգերի ներդրման անհրաժեշությունից, հաճախ ծնողները բորբոքվում են: Սակայն երեկվա իրադարձությունների շուրջ աղմուկը ֆեյսբուքյան տարածքում շարունակվում է, և լիովին ոչ գրագետ կերպով:
Հարցերը, որոնք անհրաժեշտ է քննարկել վերաբերում են առաջին հերթին երեխաների պաշտպանվածության և ցանկացած բռնության վերաբերյալ ազդարարման ընթացակարգերի մշակմանն ու ներդրմանը: Այդ պարագայում ոչ թե մենք սենսացիաներով, դիմակավորված հարձակումներով ու մարդկանց թիրախավորելով կզբաղվենք, այլ իրապես երեխաների պաշտպանությամբ:
Ի՞նչ ենք անում մենք հիմա.
-թիրախավորում ենք դպրոցը,
-թիրախավորում ենք այդտեղ սովորող երեխաներին,
-նրանց մեջ փնտրում ենք պոտենցյալ տուժողների,
-սարսափ տարածում և այլն:
Այդ բոլորը երեխաներին վնասող, նրանց առնվազն չպաշտպանող, այլ, նույնիսկ, թիրախավորող ու խեղող գործընթացներ են, որին, ի դեպ, իրավապահ համակարգը նպաստեց իր գործողություններով:
Անհրաժեշտ է մշտապես ելնել այն դիրքից, թե ինչ են զգում երեխաները, երբ հայտնվում են հանրության թիրախում ու ինչպես պաշտպանել նրանց անհարկի, վնասող ուշադրությունից:
Անշուշտ, ցանկացած, նույնիսկ չնչին կասկածի պարագայում սեռական հանցագործությունների դեպքերը պետք է արդյունավետ, բազմակողմանի, արդար քննության առարկա դառնան, բայց մեթոդների մասին անհրաժեշտ է մտածել, հատկապես, երբ խոսքը գնում է երեխաների մասին:
Դարձյալ երեխաները կմնան անպաշտպան, եթե մենք չվերանայենք այս մոտեցումները»։