Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ.

«Դեռ հարց է` Հայաստա՞նն է հեռացնում, թե՞ Հայաստանին...»․ Արա Պողոսյան

39
Այսօր, 21:12
«Դեռ հարց է` Հայաստա՞նն է հեռացնում, թե՞ Հայաստանին...»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով, Հայաստանում շատերը սկսեցին ցնծալ, թե բա մենք ստիպեցինք, թե բա հաջորդը 102-րդ ռազմաբազան ենք հանելու, թե բա վերջապես Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնում ենք և այլն։
Իսկ ողջամիտ կասկածն այն է, որ ո՛չ թե Հայաստանն է մերժում, այլ այստեղ բոլորովին այլ բան է տեղի ունենում։
Իմ մեծագույն մտավախությունն այն է, որ սրա հետադարձ էֆֆեկտը լինելու է մոտավորապես Ստեփանակերտում Փաշինյանի արտասանած «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագիրը (Աստված մի արասցե):
Ովքեր ճանաչում են ռուսական քաղաքականությունը, լավ գիտեն, որ ռուսները կարող են իրենց պետք եղած ժամանակ հեռանալ, և անհրաժեշտ պահին զորքերով վերադառնալ։
Մեկ անգամ Անդրկովկասից հեռացած Ռուսաստանը վերադարձավ 11-րդ Կարմիր բանակով և քեմալական բաշիբոզուկների նախահարձակումը որպես ռազմական ուժով վերադարձի նախերգանք օգտագործելով։
Հետևաբար՝ հենց այնպես, առանց պայքարի հեռանալը ո՛չ այնքան սքանչանալու առիթ է, որքան չարագուշակ նախաբան։
Ու դեռ հարց է՝ Հայաստա՞նն է հեռացնում, թե՞ Հայաստանին...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան