Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.

ՔՊ-ն դեմ քվեարկեց արցախցիների կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծին

74
Այսօր, 10:36
ՔՊ-ն դեմ քվեարկեց արցախցիների կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծին

Ինչպես հայտնել էինք, ԱԺ ընդդիմությունն առաջարկում էր ստեղծել բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով։ Այսօր քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին՝ պարզաբանելով․ «ՀՀ կառավարությունը և կառավարող խմբակցությունը մի շարք ծրագրեր են իրականացրել և օրենսդրական կարգավորումներ են ներդրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության ապահովման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ ԱԺ ընդդիմությունը պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է լիազորություններով՝ հարցադրումներ կատարելու, անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար։ Մենք պատրաստ ենք հանձնաժողովներում համատեղ աշխատել, ինչու չէ նաև աշխատանքային խմբեր ստեղծել»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ ընդդիմության կողմից քննիչ հանձնողով ստեղծելու համար հիմնավոր փաստարկներ այդպես էլ չլսեցին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց հայտարարությանը՝ ասելով, որ ՔՊ-ն հրաժարվում է սահմանադրական պարտականությունների կատարումից․ «Քննիչ հանձնաժողովի կարևորագույն նպատակներից մեկը հենց պառլամենտի վերահսկողական գործառույթի իրականացումն է։ Հսկայական միջոցներ, այդ թվում սփյուռքից և միջազգային կազմակերպություններից, հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար, պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավատ վերահսկողություն, ինչն էլ հանձնաժողովի կարևորագույն առաքելությունը պետք է լիներ»։
Նախքան քվեարկելը, ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Վերադառնալով՝ ՔՊ-ն դեմ քվեարկեց նախագծին: