Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայտարարության մեջ կա մի ուշագրավ պարբերություն»․ Հակոբ Բադալյան

99
Երեկ, 16:54
«Հայտարարության մեջ կա մի ուշագրավ պարբերություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է հրաժարականի մասին: Նրա հայտարարության մեջ կա մի ուշագրավ պարբերություն. «խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»:

Չգիտեմ, հարգարժան նախարարը ինչ պատճառներ ունի այդ ձևակերպման համար, բայց զուտ խորհրդարանական կառավարման տրամաբանության տեսանկյունից դա բոլորովին համարժեք գնահատական չէ: Ավելին, մեղմ ասած ցանկալի չէ, երբ որևէ կառավարություն ամբողջությամբ, կամ որևէ նախարար, կամ նույնիսկ վարչապետը խորհրդարանում ունենում են մեծամասնության բոլոր պատգամավորների հավանությունը:

Չի լինում այդպես և ոչ մի խորհրդարանական կառավարման համակարգում: Ավելին, դա ըստ էության դեմ է այդ համակարգի, այդ մոդելի սկզբունքին: Այդ մոդելի փիլիսոփայական և կոնցեպտուալ էական առանձնահատկություններից մեկն այն է, որ ձևավորվում է անհատական պատգամավորական մանդատի առաջնայնության ինստիտուտը:

Վստահ եմ, այդ ամենը հիանալի պատկերացնում է նաև Գրիգոր Մինասյանը: Ինչպես ասել եմ օրեր առաջ, նրա հրաժարականի թեման չէր կարող գեներացվել առանց Նիկոլ Փաշինյանի իմացության և «կոճակը սեղմելու»: Իսկ, եթե դա այդպես չէ, ապա «կոճակ սեղմողը» այլ տեղ է, իսկ 27 պատգամավորները ընդամենը «միջոցը»:

Ի դեպ, եթե խոսենք նախարարի պաշտոնավարման խնդրահարույց լինելու մասին, ապա այդ տեսանկյունից առավել խնդրահարույցը այն էր, համենայն դեպս ըստ բաց աղբյուրներում պարբերաբար հրապարակվող տեղեկատվության, որ նախարարը և ԲԴԽ նախագահի կինն ունեցել են ըստ էության համատեղ սեփականություն: Սա օրինակ, կառավարման որևէ մոդելի պարագայում, պաշտոնավարման տեսանկյունից պետք է լիներ խնդրահարույց:

Եթե դա խնդրահարույց չէր, շատ միամիտ է մտածել, որ 27 պատգամավոր, որոնք Նիկոլ Փաշինյանին տեսնելիս կարող են նույնիսկ միմյանց հրելով պայքարել նրան այդ պահին այդ տեղում առավել մոտ գտնվելու, կանգնելու, նրա տեսադաշտում գտնվելու համար, կարող էին Փաշինյանին ներկայացնել որևէ նախարարի պաշտոնանկության «ինքնաբուխ» պահանջ:

Հետևաբար, ինչպես արտահայտել եմ կարծիքս օրեր առաջ, Հայաստանի այսպես ասած ներիշխանական դաշտում տեղի է ունենում «թեստային ստուգում»: Դա իրականացնում է կամ Նիկոլ Փաշինյանը, կամ որևէ ուժ, որը դե ֆակտո գերակա է նրա հանդեպ:

Ի դեպ, արդարադատության նախարարի շուրջ կուլմինացիան ունի արդեն մի քանի օրերի պատմություն՝ երբ հրաժարական տվեց դրանից շատ կարճ ժամանակ առաջ նշանակված փոխնախարարը: Թվում էր, թե դրանից հետո Գրիգոր Մինասյանի հրաժարականը պետք է լիներ ժամերի հարց, բայց՝ նա հրաժարական է տալիս օրեր անց միայն: Եվ, ուշադրություն, նրա հրաժարականի մասին հայտարարությունը փաստորեն հաջորդում է նախօրեին մամուլում հայտնված արտահոսքին, որ իրավապահների ձեռքում է հայտնվել Գրիգոր Մինասյանի եղբոր՝ Միքայել Մինասյանի 2009-14 թվականներին գործածված համակարգչի տվյալների բազան»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան