«Մարզպետը Կիրանցի հողերի հանձնումը նշել է որպես հաղթահարված դժվարություն». Ոսկան Սարգսյան
114
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 12:24
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի հողերի հանձնումը, ջրհեղեղի հետևանքները չվերացնելը նշել է որպես հաղթահարված դժվարություններ: Դեկտեմբերի 26-ին կայացել է Տավուշի մարզխորհրդի տարեվերջյան՝ ամփոփիչ նիստը, ուր ելույթ է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա մասնավորապես ասել է․ «2024 թվականը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համար շատ կարևոր տարի էր՝ իր տարբեր փորձություններով։ Ինչպես գիտեք, ապրիլ ամսից Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացավ արտակարգ իրավիճակ։ Այսօր վստահ կարող եմ ասել, որ կառավարության և ժողովրդի համատեղ ջանքերով հաղթահարեցինք այդ բոլոր դժվարությունները և դրան զուգահեռ մարզում իրականացված բազմաթիվ ծրագրեր չեն զիջում 2023 թվականին իրականացված ծրագրերին»։ 2024-ի ծրագրերը ինչո՞ւ պետք է զիջեին 2023-ի ծրագրերին։ Բաղանիս-Այրումի, Ներքին Ոսկեպարի (Աշաղի Աքսիպարա), Խեյրիմլիի, Ղզլհաջիլի պաշտպանական, 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանց գյուղի հողերը ապօրինաբար, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելը, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունը Ադրբեջանի զինուժին տալը Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը համարել է որպես հաղթահարված դժվարություններ, սակայն իրականում դրանով մեծ ական է դրվել Հայաստանի սահմանի այդ հատվածի պաշտպանունակությանը։ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքները կես տարի անց հաղթահարված չեն, պետբյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել մի քանի անձանց, որոնց տները հեղեղվել են, մնացածները դեռ սպասում են դրամական փոխհատուցման։ Փոխհատուցում չի տրվել նաև ջրհեղեղից վնասված ցանքատարածությունների, տնամերձերի, ոչնչացած ընտանի կենդանիների տերերին, այն տնտեսվարողներին, որոնք տարերային աղետից մեծ վնասներ են կրել»: