«Հերթական բորշն է եփվում հայ ժողովրդի գլխին». Արամայիս Աղաբեկյան
145
Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ., 01:18
Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբեմն լինում է այնպես, որ իշխանական ինչ-որ քարոզիչ մի բանի մասին գրում է, և այն չի ունենում սոցիալական ցանցերում և մեդիայում շարունակություն։ Փոքրոգին, արժանապատվությունից զուրկն ու հրահանգով շնչողն անգամ կարիք ունի իրեն մարդ զգալու և նա կարող է տարին մի անգամ պոլի փետի պես կրակել։ Հիմնականում այս տզրուկների արտահայտվածն ու գրածը մեկ տրամաբանական շղթայի մաս են և կառավարվում են միևնույն կենտրոնից։ ՀՀ իշխանությունների ձեռնածու շների ամենօրյա գործը Նիկոլի ցանկացած զիջում արդարացնելն է և ՀՀ-ի դեմ կատարվողը որպես անխուսափելիություն ներկայացնելը։ Այս կատեգորյան միատեսակ չէ ,այն նպատակային բաժանված է խմբերի, որոնք շատ լավ գիտեն իրենց գործն ու եթե անկեղծ լինենք՝ այն կատարում են գերազանց։ Սրանց տեսակների բազմազանության մասին մի օր անպայման կգրեմ, բայց այս անգամ խոսքս այլ բանի մասին է։ Տարին մի անգամ հանուն վարկյանական անկախության «կրակողները» նոր առաջադրանք են ստացել, ավելի կոնրետ լծվել են հին առաջադրանքի երկրորդ մասի իրացմանը։ Առաջադրանքի առաջին մասի ստարտը տվել էր անձամբ մեծ Փաշինյանը, ով ՀՀ Ազգային Ժողովում պնդել էր, որ ստեղծել է բոլոր նախապայմանները Բաքվի հետ բանակցելու համար, բայց տեսեք-տեսեք՝ Արցախի նախկին իշխանություններն այն մերժել են։ Այս միտքն ու դրանից բխող հանգամանքներն օդում բռնել էին Նիկոլի տեղեկատվական «ծառաները» և մատի փաթաթան սարքել։ Ցավոք սրտի, այս կեղծիքին ու ստին չի արձագանքել Արցախի ներկա իշխանությունը, ինչն ավելի էր ոգևորել Նիկոլին և նրա մանկլավիկներին։ Ես իմ հերթին, իհարկե, արձագանքել եմ՝ ներկայացնելով իրականությունը, այն է՝ Բաքվի և Ստեփանակերտի՝ Սոֆիայում կայանալիք հանդիպման օրակարգը, չեղարկման պատճառներն ու հետագայում Բրատիսլավայում կայանալիք հանդիպումից Ադրբեջանի հրաժարումը։ Իմ համեստ ֆեյսբուքյան էջը, մի քանի հարցազրույցը չեն կարողացել լայն մասաներին հասցնել կատարվածը, սակայն վստահ եմ, որ ինչ-որ չափով հասարակության մի հատվածին հաջողվել է հաղորդ դարձնել ճշմարտությանը։ Անցնենք ստի գեներացման երկրորդ փուլին, որին կարծում եմ, պիտի արձագանքի Արցախի ներկա իշխանությունը, հակառակ դեպքում Նիկոլի ուժայինները կարող են դարպասների փոխարեն շենքի պատերը քանդել և տանել։ Ուրեմն, ինչ են սկսել մեգաքարոզիչներն ու ենթակա մեդիաները. Տույվո Կլարի հայտարարությունը ի գիտություն ընդունելով՝ առաջ են տանում մի թեզ, թե իբր կա հնարավորություն Արցախ վերադարձի, մինչդեռ Արցախի ներկայիս իշխանությունը հրաժարվում է բանակցել Բաքվի հետ և այդպիսով, տորպեդահարում է արցախցիների՝ հայրենիք վերադարձի հնարավորությունները։ Այս ուղեղի բացառիկ նմուշները իհարկե «մոռանում են» հիշատակել, որ Ադրբեջանը վերադարձի թույլտվություն ասելով ի նկատի ունի առանց որևէ հավելյալ երաշխիքի և անվտանգության մեխանիզմի «ինտեգրում», որը անգամ զուտ տեղեկատվական հնարքից այն կողմ ոչինչ է։ Եթե Ադրբեջանը ինտեգրացիա ուզեր, չէր ենթարկի Արցախի հայերին, հոգեբանական, ֆիզիկական և տեղեկատվական տեռորի, այլ կընտրեր մեջքը շոյելու քաղաքականությունը։ Բացի դրանից, այդպիսի «ինտեգրման» հնարավորություն արցախցին ուներ անցած տարվա սեպտեմբերի 19-ից հետո, սակայն չմնաց իր հայրենիքում, քանզի չտեսավ կյանքի և անվտանգության հստակ երաշխիքներ։ Կարճ ասած՝ հերթական բորշն է եփվում հայ ժողովրդի գլխին, որը պիտի լուծի մի քանի խնդիր. 1.Կմաքրի Ալիևի ձեռքերը 2.Նոր թափ կտա ներազգային ատելության գեներացմանը 3.Առաջ կտա «Նիկոլ նեվչոմ նեվենավատ» թեզը։ Հ.Գ Ձեր ձեռնածու շներին հեռու պահեք ինձնից օֆլայն և օնլայն հարթակներում, մի անգամ ուղիղ ձեր ներկայացուցչի դեմքին նայելով եմ ասել, հիմա հրապարակային եմ ասում։ Ինձ հասցրած ցանկացած հարվածի դիմաց ստանալու եք երկուսը, որոնք լինելու են խիստ անհամարժեք»։