«Այս պատկերը փոխելու համար է պետությունը». Հակոբ Բադալյան
150
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 03:06
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրի-Վանաձոր ճանապարհին գիշերը տեղի է ունեցել վթար, որի հետևանքով զոհվել է երիտասարդ ընտանիք՝ հայրը, մայրը և յոթնամյա որդին: Գրելուց անգամ փշաքաղվում ես սարսափից: Իսկ Հայաստանի ճանապարհներին մահաբերության էս սարսափը շարունակվում է սահմռկեցուցիչ կայունությամբ: Անցնող մի քանի օրերին միայն ամեն օր եղել են մահվան ելքով պատահարներ: Կասկած չկա, իհարկե, որ մեզանում մեղմ ասած բարվոք չէ վարորդների կարգապահությունը, և ընդհանրապես մեզանում անվտանգության հարցերի հանդեպ կա բավականին արխային վերաբերմունք: Բայց, ի վերջո հենց այս պատկերը փոխելու համար է պետությունը: Իհարկե, անվտանգության մշակույթը գիտակցական մակարդակում փոխելը կպահանջի տարիներ, բայց կարգապահության տիրույթում փոփոխությունների համար կան վարչական գործիքներ, որոնց ճիշտ, արդյունավետ կիրառման դեպքում հնարավոր է ստանալ պատկերի էական փոփոխություն: Բայց, շատ կարևոր է, թե ինչքան հմուտ ես կիրառում վարչական գործիքը, պատժիչ գործիքը: Եթե այն կիրառում ես վիճակագրություն ապահովելու տրամաբանությամբ, դրա օգտակար գործողության գործակիցը չի կարող լինել բարձր: Վարչական գործիքի կիրառումը պետք է ուղեկցվի «մշակութային» փոփոխություններին կապակցված տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ, կառուցված լինի հանգամանալից վերլուծության վրա՝ թե որ դեպքում է տուգանքը ավելի արդյունավետ, որ դեպքում է ավելի երկարաժամկետ էֆեկտի ներուժ պարունակում պարզապես զգուշացումը, որ քաղաքացու գիտակցությունը կենտրոնանա բոուն հարցի վրա, այլ ոչ թե սևեռվի «տուգանքի մատերիալ» ընկալվելու վրա: Որովհետև թվում է, թե կփորձի մյուս անգամ չանել խախտում ու չտուգանվել, մինչդեռ հնարավոր է նաև հակառակ հոգեբանական էֆեկտը՝ ընդվզումը իրեն «տուգանքի մատերիալ» դիտարկողի դեմ, և ըստ այդմ ճանապարհային երթևեկության կանոնների հետագա խախտումը դիտարկելով արդեն իր «պատասխանն» այդ համակարգին՝ ոչ թե չանելու, այլ անելու ու «չբռնելու» տրամաբանությամբ: Մինչդեռ, բավարար է մի փոքր առնչվել ճանապարհային երթևեկության տիրույթում պարեկների աշխատանքին, որ ակնառու դառնա «տուգանքի մատերիալի» փիլիսոփայության անվրդով գերակայությունը: Մյուս կարևորագույն հարցը ինքնին երթևեկության կարգավորումն է, ճանապարհների կահավորումը: Հայաստանում երթևեկությունը ունի այնպիսի կարգավորումներ, որոնք ինքնին պարզապես վթարահեն են: Արագընթաց ճանապարհի կեսին կարող է լինել շրջադարձի հնարավորություն, ընդ որում ոչ թե կահավորված պարկի միջոցով, այլ հենց երրորդ՝ արագընթաց գծից: Ճանապարհների լուսավորության մասին խոսելն ուղղակի ավելորդ է, թե մայրուղիների, թե նույնիսկ Երևանի փողոցների մեծամասնության: Ի վերջո, բացառվում է, որ բոլոր վարորդները լինեն կարգապահ: Հենց դրա համար են անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կարգավորման, այդ թվում կահավորման գործիքները, որ նվազագույնի հասցնեն անկարգապահներից բխող վտանգը: