Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

ՄԻՊ-ը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքները

153
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 21:18
ՄԻՊ-ը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքները

ՄԻՊ-ն ու Կանադայի դեսպանն անդրադարձել են Երևանում տեղի ունեցած հավաքներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին։ Հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արկտիկայի հարցերով ղեկավար, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով բարձր ներկայացուցիչ Ռոբերտ Սինքլերը և դեսպանի խորհրդական Աարոն Քոն:

«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել Երևանում տեղի ունեցած հավաքներին, այդ ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ հունիսի 12-ին աշխատակազմի հետ այցեր է իրականացրել Ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողների, արձանագրել խնդիրները։ Դրանք, այդ թվում՝ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցը, քննարկման ընթացակարգի շրջանակներում այս պահին ուսումնասիրվում են Պաշտպանի աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով Պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հատուկ միջոցների կիրառման իրավաչափության վերաբերյալ։
Պաշտպանն ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։ Քննարկվել են նաև հավաքների ազատության իրավունքին, խոսքի ազատության իրավունքին առնչվող հարցեր։

Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։