Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին»․ «Հայհիդրոմետ»

146
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 14:36
«Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին»․ «Հայհիդրոմետ»

«Հայհիդրոմետ»-ը հայտնում է․ «Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։
Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։
Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։
Այսպես՝
Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ,
Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ,
Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։
Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին՝
Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 759 մ3/վ,
Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 395 մ3/վ,
Տաշիր-Սարատովկա դիտակետում՝ 112 մ3/վ։
Արդյունքում ստացվում է որ նշված դիատկետերում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։
Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։
Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։
Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հետևում է իրավիճակին և ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Աղբյուրը`   «Հայհիդրոմետ»