Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Թեժ զրույց Փաշինյանի և Փափազյանի միջև` Մակրոնի ներկայությամբ

189
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 22:18
Թեժ զրույց Փաշինյանի և Փափազյանի միջև` Մակրոնի ներկայությամբ

ՀՅԴ Փարիզի գրասենյակը տեղեկացնում է. «Թեժ զրույց՝ Փաշինյանի և Փափազյանի միջև Ֆրանսիայում՝ Մակրոնի ներկայությամբ
Չորեքշաբթի օրը, փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրասնիայում գտնվելու հանգամանքից օգտվելով, Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։
Նախագահ Մակրոնը բացել է զրույցը՝ հստակեցնելով, անհրաժեշտ է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտությունը, եթե նույնիսկ տարաձայնությունները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի՝ ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու՝ նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու՝ նրանց կարողությունը:
Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջո, վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։
Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Ժողովրդավարության այս դասից ակնհայտորեն նյարդայնացած՝ Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել է Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար։
Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։
Այդ պատասխանից է՛լ ավելի զայրացած՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել իր դեմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածվել է Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից և մշտապես հերքվել է Մուրադ Փափազյանի կողմից։ Այնուամենայնիվ, այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազյանը ևս մեկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգության ծառայություններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։
Մուրադ Փափազյանը նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար:
Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։
23.02.2024»: