Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ Նիկոլ Փաշինյանը». Լավրով

807
Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 16:36
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ Նիկոլ Փաշինյանը». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունների ստորագրումից և դրանց իրականացման մեկնարկից հետո ԵՄ-ը և ԱՄՆ-ը սկսել են ակտիվորեն միջամտել գործընթացին:

«Փաստաթղթերում, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերին և դրան հաջորդած փաստաթղթերում, Ղարաբաղի տարածքը բնութագրվել է որպես ռուսական խաղաղապահ զորակազմի գոտի, և երեք երկրների ղեկավարների միջև եղել է ըմբռնում, որ կարգավիճակի թեմայով դեռ պետք է շարունակվեն բանակցությունները, որպեսզի վերջնականապես համաձայնեցվի այդ հարցը։ Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական քաղաքական հանրության համաժողով էր անցկացնում, և հանդիպմանը հավանություն տվեցին այն փաստաթղթին, որում ասվում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան: Իսկ դա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես ինքնավար մարզ ադրբեջանական ԽՍՀ շրջանակներում: Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն պատրաստվում է, և երբ այդ մասին հայտարարվեց, մենք հետևություն արեցինք, որը հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակ է, փակ է անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»,- ասել է Լավրովը: