«Մանկական տրավմատիզմի 6 ամենահաճախակի պատճառները». Արմեն Մուրադյան
6521
Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ., 02:18
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մանկական տրավմատիզմի 6 ամենահաճախակի պատճառները Ամանորի նախօրեին, երբ մեծահասակները հիմնականում զբաված են լինում տոնական նախապատրաստություններով, պակասում է ուշադրությունը և զգոնությունը երեխաների անվտանգության հանդեպ, ինչի հետևանքով, ցավոք, շատ դեպքերում գրացվում են տարբեր բնույթի մանկական վնասվածքների դեպքեր՝ կենցաղային, դպրոցական, սպորտային, փողոցային (տրանսպորտային և ոչ տրանսպորտային) և այլն: «Հերացի» վերլուծականը որոշել է անդրադառնալ մանկական վնասվածքներին և մեկ անգամ ևս հիշեցնել, որ անհրաժեշտ է մշտապես զգոն լինել և հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին հատկապես տոնական օրերին: Ըստ ԱՀԿ տվյալների մանկական վնասվածքների 95%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, սակայն մեծ խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ կազմելով երեխաների մահվան բոլոր դեպքերի ավելի քան 40%-ը: Ներկայում վնասվածքներից և դժբախտ պատահարներից ավելի մեծ թվով երեխաներ են մահանում, քան մանկական վարակիչ հիվանդություններից: Ամեն տարի ամբողջ աշխարհում մինչև 18 տարեկանների խմբում ավելի քան 830000 երեխա և դեռահաս մահանում է ոչ կանխամտածված վնասվածքների արդյունքում: Մանկական վնասվածքների հիմնական պատճառ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք հաճախ կապված են լինում մեքենաներում ամրագոտիներ չամրացնելու և երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի (քարսիթ) բացակայության հետ, իսկ վրաերթերի մեծ մասը անթույլատրելի հատվածով փողոցն անցնելու հետևանք են: Հատկանշական է, որ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած վնասվածքներն ու ջրահեղձությունը, միասին վերցրած, կազմում են մանկական վնասվածքների բոլոր դեպքերի մոտավորապես կեսը: Փողոցային մանկական վնասվածքները ներառում են այն վնասվածքները, որոնք երեխաները ստանում են փողոցում, բաց հասարակական վայրերում, դաշտում, անտառում և այլուր կամ տրանսպորտի հետևանքով: Դրանք կազմում են երեխաների վնասվածքների դեպքերի 1/3-ը: Մանկական կենցաղային վնասվածքներից են նաև տնային պայմաններում, բակում, նախադպրոցական հաստատություններում առաջացած վնասվածքները: Դրանցից առավել ծանր են համարվում այրվածքները: Երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառ են հանդիսանում կրակից այրվածքները: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ: Կենցաղային վնասվածքներից են նաև թունավորումները, որոնք հիմնականում բացատրվում են երեխայի նկատմամբ հսկման և ուշադրության անբավարարությամբ: Թունավորումների համար կարող են հիմք հանդիսանալ ինչպես սնունդը, այնպես էլ դեղամիջոցները, դեղորայքը և կենսաբանական նյութերը: Կենցաղային վնասվածքների թվում է նաև էլեկտրական հոսանքից ստացված վնասվածքը, որը շատ է հանդիպում հատկապես 1-4 տարեկան երեխաների խմբում: Այս տարիքային խումբը նաև ռիսկային է համարվում վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների առումով: Ի դեպ, ՃՏՊ-ների և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները համարվում են մանկական հաշմանդամության հիմնական պատճառը: Չնայած, որ ընկնելու մեծ մասը առաջացնում են ընդամենը քերծվածքներ և կապտուկներ, սակայն ամեն օր 130 երեխա մահանում է ընկնելու պատճառով: Սիրելի՛ հայրենակիցներ, եղե՛ք տեղեկացված, զգոն և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ՝ ապահովելով նրանց անվտանգ մանկությունը»։