««Անվանի հնագետն» ու 19 «անհայտ» պատմագետները ԿԳՄՍ-ում». Հայկ Դեմոյան
691
Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ., 00:48
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան հրապարակումը. ««Անվանի հնագետն» ու 19 «անհայտ» պատմագետները ԿԳՄՍ-ում Երեկ ԿԳՄՍ նախարարությունում կայացավ է «Հայոց պատմության» յոթերորդ դասարանի դասագրքի վերաբերյալ մասնագիտական քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ Եթե փորձենք հակիրճ ձևակերպել, թե ի՞նչ նպատակներ էր հետապնդում ԿԳՄՍ-ն այդպիսի քննարկում նախաձեռնելով, ապա կարող ենք ասել հետևյալը․ ամեն գնով ու ամեն հնարքներով քննադատությունների ու քննարկման առարկա հանդիսացած դասագիրքը կիրառել հանրակրթական դպրոցում՝ չտեսնելու տալով ու զանց առնելով հարյուրավոր խմբագրական ու սրբագրական կոպիտ սխալներն ու անճշտությունները, պատմության դասագրքին անհարիր գրահրատարակչական մոտեցումներն ու խայտառակ պատկերազարդումը։ Հին ու բարի ավանդույթների համաձայն, համահավասարեցնող կարծիք ձևավորելու հանձնառությունն, անկասկած ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված, իր վրա էր վերցրել հնագետներից մեկը, ով ԿԳՄՍ-ի տարածած հաղորդագրության մեջ արժանացել է «անվանի հնագետ» բնորոշմանը, այնինչ քննարկմանը ներկա գտնվող մյուս գիտնականները նման «պատվի» չէին արժանացել։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով․ Պ․ Ավետիսյանը միակն էր ներկաներից, ով փորձեց հակառակ կարծիք հայտնել ու պնդել, որ դասագիրքը մնա շրջանառության մեջ, այլ ոչ թե խոտանվի՝ ինչպես պնդում էին քննարկմանը ներկա գտնված մյուս մասնագետները։ Ի դեպ, ԿԳՄՍ հաղորդագրության մեջ, ինչպես և սպասվում էր, կանխատեսելիորեն շրջանցվել է ներկաների միահամուռ այն պահանջը, որ նման դասագիրքը անպայմանորեն պետք է խոտանվի և բացարձակապես նոր դասագիրք կազմվի։ Մեջբերում ԿԳՄՍ հղորդագրությունից․ «Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փորձաքննությունն իրականացնող պատմաբան գիտնականների անունները հրապարակվելու են, նախարարը նշել է՝ առաջնայինն անաչառ և որակյալ մասնագիտական կարծիք ունենալն է, որի ապահովման հիմնական պայմանը նաև այդ փորձագետների անանունության ապահովումն է՝ զերծ մնալու որևէ ճնշումներից և ի սկզբանե կողմնակալ դիրքորոշման ներկայացումից»։ Տպավորություն է ստեղծվում, որ դասագրքին առնչվող 19 մասնագետ-գիտնականների գրախոսականներն ու եզրակացությունը հենց նախարարության կողմից պատվիրված և արդեն հնացած փորձաքննություն է և երրորդ անկախ փորձագիտական կարծիքն էլ հիմք է հանդիսանալու վերջնական որոշում կայացնելու համար։ Դասականը կասեր, իսկ դատավորներն ովքե՞ր են։ Իմ դիտարկմանը, որ պարտադիր կերպով պետք է հրապարակվեն այդ անձանց անուններն ու ինքնությունները, որպեսզի հասկանանք նրանց մասնագիտական կարողությունների ու գիտելիքների մակարդակը, հստակ պատասխան այդպես էլ չտրվեց․․․ Միաժամանակ հորդորում ենք նախարարությանը ձեռնպահ մնալ քննարկումներում հավատարիմ մարդկանց ներդրման, ինչպես նաև նախաձեռնությանը աջակցող անձանց վրա վարչական ճնշումներ ու սպառնալիք բանեցնելու արատավոր գործալաոճից։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է․ կոպտորեն խախտվել են մեր երեխաների իրավունքները՝ գիտակցաբար նրանց հրամցնելով ահռելի քանակի սխալներով լի ու սեփական պատմությունն ու մշակույթը լիարժեքորեն չներկայացնող դասագիրք, որը ՊԱՐՏԱԴԻՐ կերպով պետք է խոտանվի»: