Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Բուհերի ընդունելության թափուր տեղերի խորքային պատճառները». Վահրամ Թոքմաջյան

273
Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 01:00
«Բուհերի ընդունելության թափուր տեղերի խորքային պատճառները». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Հայկական բուհերի ընդունելության ցածր ցուցանիշներն ու թափուր տեղերն ունեն մի շարք խորքային պատճառներ.
Առաջինը թերևս Հայաստանի դեմոգրաֆիական աղետն է։ Բնակչության թվի կտրուկ նվազում։ Եթե 1998 թվականին, Հայաստանում կար կես միլիոնից ավել աշակերտ՝ տասնամյա կրթության պարագայում, ապա հիմա, 12-ամյա կրթության պարագայում կա 380.000 սովորող։
Սոցիալապես խոցելի խմբերի էլ ավելի աղքատացումը նույնպես նպաստում է այս իրականությանը։ Խոշոր քաղաքներում կյանքի անհիմն թանկացումը, ենթակառուցվածքների տոտալ բացակայությունը, վարձավճարների անընդհատ թանկացումը եւ այդ խմբերի իրական եկամուտների նվազումը ստիպում են սոցիալապես աղքատ խմբերի ներկայացուցիչներին հրաժարվել բուհական կրթության հաճույքից։ Իսկ սա նշանակում է, որ աղքատության փակ շղթան շարունակելու է իր բացասական դինամիկան՝ ավելի լայն խմբեր ներառելով։
Հաջորդիվ տարկետման վերացումն էր։ Նախկինում բուհը համարվում էր նաեւ բանակից խուսափելու միջոց։ Հիմա, տղա երեխաների հատկապես միջին ու բարձր սոցիալական հնարավորություններ ունեցող ծնողները փորձում են այդ հարցը լուծել արտերկրի որևէ բուհում զավակին տեղավորելով։
Բուհական կրթության պրեստիժային ընկալումների փոխակերպումները եւս նպաստում են, որ դիմորդներ քիչ լինեն։ Օժիտի մեջ դիպլոմ ունենալը կամ իրավաբանականի դիպլոմով խոպան գնալը շատերի մոտ այլևս առաջնային չեն։
Հայկական բուհերի զգալի մասը, զգալի մասնագիտությունների գծով չեն տալիս մրցունակ որակ։ Վճարունակ սեգմենտը ձգտում է համալրել ամերիկյան կամ սլավոնական համալասարանների շարքերը, քանի որ ավելի լավ կրթության հույս ունի, իսկ ապագայում նաեւ աշխատաշուկայում մրցունակ է։
Մեկ այլ խնդիր է բուհերին հատկացվող մասնագիտությունների տեղերի ու քանակների ցանկը։ 30 տարվա մեջ, մենք այդպես էլ չունենք պատշաճ հետազոտություն աշխատաշուկայի դինամիկայի, մասնագիտական կրթության վերաբերյալ։ Եղածը հատվածային է եւ չի կարող իրական կարիքի գնահատական տալ։ Բազմաթիվ մասնագիտությունների գծով մենք ունենք անորակ քանակ եւ լճացում, փոխարենը շուտով չենք ունենա հացթուխներ, կոշկակարներ կամ դերձակներ։
Իսկ գնահատականների ցածր ցուցանիշներն այլ ժանրի ֆիլմ են»։

Աղբյուրը`   Վահրամ Թոքմաջյան