«Արայիկ Հարությունյանն իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի». Տիգրան Աբրրահամյան
467
Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 09:54
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել: Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները: Իհարկե, կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում էական դեր ունի ու դրա անունը Արայիկ Հարությունյան է, ով իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի: Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են՝ իրենից անկախ, որովհետև 2 ամիս առաջ նշանակել են, լուռ աշխատում է՝ ինչպես ինքն է պնդում, բայց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նրան ազատելու և իրեն նշանակելու պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին: Դժգո՞հ են գործող պետնախարարի աշխատանքից, տապալել է՞ ծրագրերը, գումարներ է՞ մսխել կամ թալանել. ի՞նչ է արել, որ քննարկման, իսկ ավելի կոնկրետ՝ առևտրի եք հանել այդ պաշտոնը: Թե ինչպիսի պետնախարար է Ներսիսյանը՝ ես ինքս չեմ կարող ասել, արցախցիները պետք է ասեն, իրենք են տեսնողն ու գնահատողը: Ունի՞ ծրագիր Բաբայանը և ուզում է՞ կրկին պաշտոն զբաղեցնել կամ իշխանություն կրել՝ իր իրավունքն է: Իսկ թե ինչով է զբաղված ազատողն ու նշանակողը, ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է առաջնորդվում, Արցախում բոլորը գիտեն: Արցախում բազմաթիվ խնդիրներ կա, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է: Ինչ վերաբերվում է արցախյան քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին, ապա միանգամից ասեմ, որ արցախցիները բոլորին մանկությունից մինչև մեր օրեր լավ ճանաչում են և հստակ վերաբերմունք են արտահայտում»: