Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում

234
Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 11:24
Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում

Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար պայմանավորվածություններ ձեռք բերում, ծագած վեճերը հարթում: Նրանցից ոմանք ընտանիքներով այնտեղ Ամանորի տոներն են անցկացնում, նրանց կանայք՝ մեկնում առևտրի, գրում է «Հետք»-ը: «Մեր ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով: Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին:

Գագիկ Բեգլարյանը բնակարան է գնել Դուբայի հայտնի արմավենու վրա: Մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2008-ից մինչև 2018թ. ընկած ժամանակահատվածում: Թե կոնկրետ երբ, դժվար է ասել: Նախկին պաշտոնյայի գույքը գտնվում է արմավենու տեսքով հայտնի «Palm Jumeirah» արհեստական կղզու ամենավերին մասում՝ «Balqis Residence» համալիրում: Բեգլարյանի բնակարանն այս համալիրի 7-րդ հարկում է, ընդհանուր մակերեսը 243 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (42 քմ):

Ներկայում «Balqis Residence»-ում այսքան մակերես և 3 ննջասենյակ ունեցող բնակարանների գները սկսվում են 4,5 մլն արաբական դիրհամից, ինչը հավասար է 1,2 մլն դոլարի:

Պաշտոնավարման տարիներին Գ. Բեգլարյանը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ, սակայն, երբևէ չի հիշատակել Դուբայում ունեցած բնակարանը: Այս մասին «Հետքը» տեղեկացել է հայտարարագրերն ընդունող ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (ԿԿՀ): Հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեականացվել է 2017-ի հուլիսից, սակայն Գ. Բեգլարյանն իր վերջին հայտարարագիրը լրացրել է 2017-ի փետրվարին:

Նամակ էինք ուղարկել նախկին պաշտոնյային՝ հարցնելով, թե ինչու երբևէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող իր անշարժ գույքը: Հետաքրքրվել էինք նաև, թե երբ է գնվել բնակարանը, ու որն է եղել հենց Դուբայում ներդրում կատարելու (գույք ձեռք բերելու) պատճառը: Բեգլարյանը, չնայած ստացել էր մեր նամակը, դրան չի պատասխանել: Այդուհանդերձ, հանդիպել էինք նախկին պաշտոնյային ու փորձել ստանալ այս հարցերի պատասխանները, սակայն Գագիկ Բեգլարյանը մեկնաբանություն չի տվել:

Նախկին քաղաքապետն ու նախարարը Բեգլարյանների գերդաստանից միակը չէ, որ գույք է ձեռք բերել Դուբայում:

Գագիկ Բեգլարյանի նախկին պաշտոնյա եղբայրը ևս տուն է գնել արմավենու վրա:

Նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանը 2 բնակարան ունի Դուբայում: Դուբայում գույք է ձեռք բերել նաև Հրանտ Դավթյանի եղբայրը: Սամվել Ալեքսանյանն ու Շողերինա Մկրտչյանը Հրանտ Դավթյանի հարևաններն են»,- գրում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: