«Սա արդեն որերորդ նմանօրինակ դեպք է «Արդշինբանկի» գլխամասային գրասենյակի հետ կապված». Նարինե Մկրտչյան
928
Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 23:06
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ հետ պատահե՞լ է, որ Երևանում ձեզ ազգային փոքրամասնություն զգաք՝ թե՛ օտարազգիների առատության, թե՛ խտրականության դրսևորման առումով։ Այսօր 15։30-ին մտել եմ «Արդշինբանկի» գլխամասային գրասենյակ, 15։33-ին վերցրել եմ հերթագրման կտրոնը՝ հերթագրվելով որպես իրավաբանական անձ՝ Մամուլի ազգային ակումբի համար փոխանցում անելու։ Բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ներկա զարգացման պայմաններում այս բանկի գլխամասային գրասենյակի առցանց հերթագրումն անհնար է դարձել․ պարզապես հանել են համակարգից։ Դե եթե զբաղված ես և ժամանակդ կառավարելը կարևոր է քեզ համար՝ առցանց հերթագրումը պարզապես փրկություն է։ Բայց «Արդշինբանկին» դա բնավ չի հետաքրքրում։ Հաճախորդներից գրեթե ամեն երրորդը ռուսներն են, ամեն հինգերորդը՝ ասիացիներ՝ պակիստանցի, հնդիկ և այլն։ Ռուսներին սպասարկում են ինքնամոռաց նվիրվածությամբ, ռուսներին, որոնք արժեզրկված ռուսական ռուբլին բերում են բանկ, հաշիվներ բացում կամ էլ այլ բնույթի գործարքներ անում, յուրաքանչյուրի գործարքը 20-30 րոպե է տևում։ Աշխատակիցներից մեկն էլ հեռավար խոսում էր մի ռուսի հետ հեռախոսով, որը հեռախոսի մյուս ծայրից իր խնդիրն էր փորձում լուծել։ Ռուսները գալիս-գնում եմ, բայց ես 50 րոպե սպասում եմ՝ հերթս չի հասնում։ Մոտեցա աշխատակիցներից մեկին ասացի, որ իմ գործարքը շատ կարճ է՝ փոխանցման թուղթը, կնքի, ինքը հետո թող փոխանցումն անի։ Նա էլ թե՝ սպասեք ձեր հերթին ու կանչում է մեկին, որի հերթագրման համարը գրված չէ էկրանին։ Մոտացա մի աշխատակցուհու, որը հավանաբար պատասխանատուներից էր, քանի որ սեղանն առանձանցված կողմում էր, և հարցնում եմ, թե ինչպե՞ս եք գեներացիա անում, որ իրավաբանական անձ ներկայացնող կտրոնին հերթ չի հասնում։ Ինչ-որ հերթապահ բացատրություն է տալիս։ 50 րոպե անիմաստ սպասելուց հետո դուրս եմ գալիս, քանի որ դստերս հետ պայմանավորվել եմ հանդիպելու։ Եվ սա արդեն որերորդ նմանօրինակ դեպք է «Արդշինբանկի» գլխամասային գրասենյակի հետ կապված։ Հայաստան ժամանած ռուսների թեման չէ, որ հիմա ուզում եմ արծարծել, բարեբախտաբար եկել են հիմնականում բարեկիրթ ռուսները։ Այս թեմային մեկ այլ գրառմամբ կանդրադառնամ։ Խնդիրը տվյալ դեպքում վերաբերում է «Արդշինբանկին», ուր 10 գործարքից 7-8-ը ռուսներն են անում, իսկ քո երեսին չեն էլ նայում, քանի որ ռուսներն իրենց ֆինանսական ունեցվածքն եք երևի տեղափոխում։ Նախ, բանկերում և այլուր ՀՀ քաղաքացիների և ռուսների նման թվաքանակի անհամապատասխանության դեպքում բոլոր իմաստներով ՀՀ քաղաքացիներն սպասարկման առաջնահերթ իրավունք պետք է ունենան։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք մեր երկրում ազգային պատկանելության առումով խտրական վերաբերմունքի ենք բախվում։ Մենք ո՛չ «Արդշինբանկի», ո՛չ էլ ռուսների ճորտերն ենք»։