«Կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները՝ ԼՂ երեխաներին աջակցելու համար». Ժաննա Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին: ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։ Հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի մասին Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին տեղեկացրել էր նաև իր նախորդ նամակում, նախարարը վերստին շեշտել է հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքների մասին։ «Բազմաթիվ դպրոցականներ և ուսանողներ, որոնք Հայաստանում էին և մասնակցում էին փոխանակման որոշ ծրագրերի, չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ իրենց ուսումը շարունակելու հայրենի հաստատություններում: Թեև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովել է բոլոր միջոցները՝ նրանց ուսումը Հայաստանի համապատասխան հաստատություններում շարունակելու համար, այնուամենայնիվ, տեղի է ունեցել կրթության իրավունքի շոշափելի խախտում՝ հաշվի առնելով ուսումնական ծրագրերի տարբերությունները։ Խախտվում է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Տասնյակ անչափահասներ, որոնք մնացել են առանց ուղեկցության, արգելափակված են Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում են Լաչինի միջանցքի երկու կողմերում»,- մասնավորապես նշել է նախարարը՝ շեշտելով հոգեկան առողջության և ընտանիքների վերամիավորման իրավունքի հրատապ անհրաժեշտությունը: «Մենք իսկական աղետի ենք ականատես լինում Լեռնային Ղարաբաղում թե՛ հումանիտար, թե՛ զարգացման համատեքստում՝ գրեթե մեկ ամիս տևած շրջափակման պատճառով։ Օրեցօր հրամայական է դառնում ապահովելու երեխաների՝ ապահով միջավայրում մեծանալու անօտարելի իրավունքը, վճռական քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց իրավունքների իրացման համար։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդիրների վրա և կոչ եմ անում ՅՈՒՆԻՍԵՖ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի երեխաներին աջակցելու համար»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին ուղղված նամակը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին ուղղված նամակում ևս ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ սննդամթերքի անբավարար մատակարարման պատճառով 2023 թվականի հունվարի 9-ից Լեռնային Ղարաբաղի 30 դպրոցների 56 նախադպրոցական խմբերը, երկարօրյա ծառայություն իրականացնող 16 հանրակրթական հաստատությունները, ինչպես նաև 41 մանկապարտեզներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Արդյունքում՝ 6498 աշակերտ զրկվել է կրթության իրավունքից։ Շեշտելով, որ կրթության իրավունքի խախտումն անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի, ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ արձագանքի Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև լուծելու ԼՂ ժողովրդի մարդասիրական կարիքները։ «Այս սարսափելի իրավիճակում կոչ եմ անում ՄԱԿ-ի ՊՀԾ-ին՝ որպես մասնագիտացված մարդասիրական գործակալություն, արագ ներգրավվել ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց կրթության իրավունքը»,- նշված է նամակում։ |

«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13108.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
15407.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
17303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
14503.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
13703.04.2026, 11:18
«Ճաշերը համո՞վ են, ի՞նչ եք կերել էսօր». Նիկոլ Փաշինյանը՝ երեխաներին (տեսանյութ)
11903.04.2026, 10:54
