Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Իրանը հայտարարել է Մոսադի գործակալների ձերբակալման մասին

1113
Երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ., 10:30
Իրանը հայտարարել է Մոսադի գործակալների ձերբակալման մասին

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է իսրայելական Mossad հետախուզական գործակալության համար աշխատող գործակալների ցանցի ձերբակալության մասին, հայտնում է Mehr-ը։

Նախարարությունը նշել է, որ իսրայելական գործակալներն ուղարկվել են Իրան՝ ահաբեկչություններ իրականացնելու համար, սակայն նրանք բոլորը բացահայտվել և ձերբակալվել են նախքան դիվերսիոն գործողությունների իրականացումը։

Իրանի հետախուզության նախարարության տվյալներով՝ ցանցի անդամները Մոսադի հետ կապ են պահպանել Իրանի հարևան երկրներից մեկի միջոցով և Իրան են մտել Քուրդիստանի տարածքով։

Լրտեսները մի քանի ամիս վերապատրաստվել են աֆրիկյան երկրներից մեկում և մտադիր են եղել դիվերսիոն ու ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի զգայուն կենտրոններից մեկում՝ Սպահան նահանգում։

Սակայն նրանք բոլորը ձերբակալվել են հենց այն ժամանակ, երբ նախատեսված վայրում պայթուցիկ սարք են տեղադրել։