Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիան կփակի Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմանավերի համար

858
Կիրակի, 27 փետրվարի, 2022 թ., 23:18
Թուրքիան կփակի Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմանավերի համար

Թուրքիան կփակի Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմանավերի համար՝ գործելով Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն, CNN Turk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Cumhuriyet-ը։

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան խստորեն պահպանելու է կոնվենցիայի 19-րդ հոդվածը։

«19-րդ հոդվածը միանգամայն պարզ է. ի սկզբանե դա հարձակում էր Ռուսաստանի կողմից, մենք գնահատեցինք մասնագետներով, զինվորականներով, իրավաբաններով։ Այժմ այն ​​վերածվել է պատերազմի»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով, Թուրքիան կպահպանի Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները՝ հակամարտող կողմերի հետ կապված։

Կոնվենցիայի 19-րդ հոդվածը սահմանում է, որ պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան պատերազմող երկիր չէ, պատերազմող երկրների ռազմանավերը չեն կարող անցնել նեղուցներով։ Այս կանոնից կան մի քանի բացառություններ, օրինակ, եթե Թուրքիան պարտավոր է օգնություն ցուցաբերել այն պետությանը, որը հարձակման զոհ է դարձել փոխադարձ օգնության պայմանագրի համաձայն: Այնուամենայնիվ, ռազմանավերը կարող են անցնել նեղուցներով՝ վերադառնալու իրենց հիմնական խարիսխային նավահանգիստները: