Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Գերիների հարցը․ քանի՞ հոգի, ե՞րբ և ո՞ր երկրի միջնորդությամբ է վերադարձել հայրենիք. ԻՔՄ

1472
Ուրբաթ, 18 փետրվարի, 2022 թ., 15:06
Գերիների հարցը․ քանի՞ հոգի, ե՞րբ և ո՞ր երկրի միջնորդությամբ է վերադարձել հայրենիք. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը՝ «Գերիների հարցը․ քանի հոգի, երբ և որ երկրի միջնորդությամբ է վերադարձել հայրենիք» թեմայով

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան, հայտարարությամբ, որի 8-րդ կետը նախատեսում էր «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդրադարձել է այդ հայտարարության կատարման ընթացքին: Ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանն առ այս պահը ամբողջությամբ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունը, իսկ հայտարարության երրորդ՝ միջնորդ կողմ Ռուսաստանը, իր հերթին, պատերազմից մոտ մեկուկես տարի անց ձախողել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը:

Գերիների վերադարձի գործընթացն ավարտին հասցնելու համար հայկական կողմը ստիպված է լրացուցիչ դիվանագիտական ջանքեր ներդնել՝ այդ թվում նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չհանդիսացող երկրների ու միջազգային կառույցների հետ աշխատանքում․դրա արդյունքում մի շարք երկրներ և կառույցներ արդեն իսկ գործուն ներգրավվածություն ունեն այս գործընթացում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստան վերադարձած գերիների թիվը՝ ըստ միջնորդած երկրների:

Հայրենադարձված գերիների ընդհանուր թիվը

Ի պատասխան ԻՔՄ հարցմանը, Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 44-օրյա պատերազմից մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը գերությունից ազատվել է 150 հոգի: Նրանցից մեկը՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, 2021-ի մարտին ուղարկվել է Լիբանան, ևս մեկը 2021-ի փետրվարին իր ցանկությամբ ուղարկվել է ՌԴ․ըստայդմ՝ հայրենադարձված ռազմագերիների թիվը կազմում է 148:

Ըստ ԱԱԾ տվյալների՝ առաջին գերուն Ադրբեջանը վերադարձրել է դեռևս պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին: Գերիների փոխանակման առավել մեծ գործընթացը սկսվել է այդ տարվա դեկտեմբերին:

26%-ը գերությունից ազատվել է Նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չհանդիսացող երկրի/կառույցի միջոցով

Ընդհանուր առմամբ՝ պատերազմից հետո իրականացվել է գերիների 22 խմբերի վերադարձ, որոնցից 18-ը ՌԴ-ի, իսկ 4-ը այլ երկրների ու կառույցների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Վրաստանի միջնորդությամբ: ՌԴ-ի միջնորդությամբ գերությունից ազատվել է 111, իսկ՝ վերոհիշյալ երկրների/կառույցների միջնորդությամբ՝ 39 հայ գերի:

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է վերադարձած գերիների թիվը՝ ըստ միջնորդած երկրի/կառույցի և հայրենադարձման ժամկետների:

Գերիների հարցը․ քանի՞ հոգի, ե՞րբ և ո՞ր երկրի միջնորդությամբ է վերադարձել հայրենիք. ԻՔՄ
Գերիների հարցը․ քանի՞ հոգի, ե՞րբ և ո՞ր երկրի միջնորդությամբ է վերադարձել հայրենիք. ԻՔՄ