Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան». ՀՀ երկրորդ նախագահ

1221
Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 13:18
«Չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան». ՀՀ երկրորդ նախագահ

«Մի կին՝ Սիլվա Համբարձումյան անունով, որին չեմ ճանաչում, չգիտեի էլ նրա գոյության մասին՝ մինչև այս քրգործը: Չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան՝ ինչ-ինչ կենսագրությամբ:

Ինքն ուներ ինչ-որ լիցենզիաներ՝ հանքերի հետազոտման համար: Ինքն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզում էր վերավաճառել ինչ-որ մեկին ու շնորհակալություն հայտնելու կամ կաշառքի առաջարկ էր տվել բոլորիս: Այն ժամանակ լիցենզիան վերավաճառելու համար թույլտվություն պետք չէր: Ինքն ասում է՝ չխոչընդոտելու համար փող եմ առաջարկել: Հարցին՝ խոչընդոտե՞լ են, թե՞ ոչ. ո՛չ, չեն խոչընդոտել: Աբսուրդ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին մեղադրող դատախազը ներկայացրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ նա 2008 թվականին 3 միլիոն դոլար կաշառք է ստացել։

Իրավապահները հայտարարում են, որ 2008-ին գործարար Սիլվա Համբարձումյանը հանք շահագործելու նպատակով ուսումնասիրման հատուկ լիցենզիաներ ստանալու և իրեն պատկանող ընկերության վաճառքին չխոչընդոտելու համար նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլ պաշտոնատար անձանց՝ կաշառք է առաջարկել ու գումարը մաս-մաս փոխանցել, նույն գործարքի շրջանակում կաշառք է ստացել նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը նույնպես ամբաստանյալի աթոռին է նստած։ Այս հոդվածով Գևորգյանին ու Քոչարյանին 7-ից 12 տարվա ազատազրկում է սպառնում։

«Վարդան Օսկանյանն ասում է՝ երբեք կաշառքի, փողի հարց չեմ քննարկել ոչ մեկի հետ: Հիմա եթե այս աբսուրդի մեղադրանքով կարելի է մարդու կալանավորել, կալանավորեք, տեսնենք՝ ինչ է լինելու»,- հավելեց Քոչարյանը: