Արխիվային բացառիկ փաստաթուղթ՝ Հովհաննես Քաջազնունուն բնակարան հատկացնելու վերաբերյալ
667
Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 01:06
Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հովհաննես Քաջազնունու բնակարանը՝ Երևանում Ներկայացնենք բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ Հովհաննես Քաջազնունուն բնակարան հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքային գործադիր կոմիտեի կողմից 1925 թվականի մարտի 7-ին տրված տեղեկանքը: Փաստաթուղթը պահվում է Երևանի պատմության թանգարանում: Տեղեկանքում հստակ նշված է շենքի հասցեն. Երևանում Քաջազնունուն տրամադրվում էր 2 սենյականոց բնակարան՝ 1-ին Գնունի փողոցում, թիվ 2 տանը, իսկ դա՝ ներկայիս Պուշկինի փողոցի թիվ 4/1 շենքն է:Բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ Հովհաննես Քաջազնունուն բնակարան հատկացնելու վերաբերյալ Այս տարվա հունիսին կայացած Կառավարության նիստում վերջապես որոշվեց գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանել Երևանի Պուշկինի 4/1 և 4/2-ից մինչև Պուշկինի 10 հասցեների՝ 19-րդ դարավերջի շենքերը, այսինքն՝ նրանք այլևս չեն քանդվելու: Այնպես որ՝ Պուշկինի 4/1 շենքի վերանորոգումից հետո այստեղ Քաջազնունու տուն-թանգարանի տեղակայումն այժմ միանշանակ և՛ հնարավոր է, և՛ պարտադիր: Ականավոր քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Քաջազնունին Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին և զբաղվել զուտ իր մասնագիտությամբ՝ ճարտարապետությամբ: Քաջազնունին մահացավ 1938 թվականի հունվարի 15-ին, Երևանի բանտային հիվանդանոցում թոքաբորբից՝ 70 տարին դեռ չբոլորած: Ստալինյան բռնապետական ռեժիմի կողմից նա շինծու գործով ձեռբակալվել էր և պետք է գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին՝ Չեկայի եռյակի կայացված որոշման համաձայն, և այդ վճիռը ժամանակավորապես կարողացել էր կանխել բանտային բժիշկը»։