Հայաստանում համապետական ծառատունկ է. այսօր նախատեսվում է շուրջ 360,000 ծառ տնկել
![]() Մեկնարկել է համապետական ծառատունկը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացնել: Շրջակա միջավայր նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկի ընթացքում միայն այսօր նախատեսվում է ամբողջ երկրում 360,000 ծառ տնկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համապետական ծառատունկի խորհրդանշական մեկնարկը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ, տրվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկից։ Խորհրդանշական առաջին ծառը տնկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոման Պետրոսյանը: «Միջոցառումը միտված է «10 մլն ծառ» նախաձեռնության իրականացմանը: Պայմանավորված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով ու հետպատերազմական ժամանակահատվածով, համապետական ծառատունկն իր մեջ նաև մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդն ունի: Առհասարակ՝ «10 մլն ծառ»-ի գաղափարը մտահղացվել է որպես բնապահպանական շարժում, որպեսզի յուրաքանչյուր հայ իր պարտքը համարի գոնե մեկ ծառ տնկել՝ կանխարգելելով գլոբալ տաքացման գործընթացներով պայմանավորված բնապահպանական խնդիրների ծառացումը մեր ժողովրդի առջև: Այս զանգվածային ակցիայով մենք ցանկանում ենք նաև հանրային վարքի վրա ազդել և հանրության ուշադրությունը սևեռել ծառացած բնապահպանական խնդիրներին, որոնք յուրաքանչյուր րոպե կարող է ուժգին ներազդել մեր կյանքին, անվտանգությանն ու առհասարակ կյանքի որակին»,- ասաց նախարարը: Նրա հաղորդմամբ՝ համապետական ծառատունկին շուրջ 120 հազար անտառային վայրի պտղատեսակներով ջրդի ծառերի տունկ է նախատեսվում համայնքային պուրակներում, զբոսայգիներում, դպրոցամերձ տարածքներում: Հայաստանի էնդեմիկ ծառատեսակներով մոտ 240 հազար տունկ կիրականացվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ավելի քան 65 հեկտար անտառտնկարկներում: Տնկիների ձեռքբերումն ու կազմակերպչական, լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես «Հայանտառ»-ի միջոցներով: Ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկին, ապա նախարար Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում բարեկարգելումից, կանաչապատումից ու ոռոգման համակարգերի անցկացումից հետո, կծառայի որպես քաղաքային զբոսայգի՝ Երևանի և հարակից բնակավայրերի համար: « Տնօրինության առջև խնդիր է դրված, որպեսզի ամենակարճ ժամկետներում, ներդրողների ու սեփական խնայողությունների միջոցներով ամբողջացնելու ոռոգման համակարգերը, և մյուս տարվանից մեկնարկեն բարեկարգումն ու կանաչապատումը»,- մանրամասնեց Պետրոյանը՝ նշելով, որ «Ջրվեժ» անտառպարկում նախկինում գործող մուտքավճարները չեղարկվել են: Համապետական ծառատունկն օրվա ընթացքում շարունակվելու է ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում Լոռիում՝ մոտ 20000 տնկի, և Կոտայքում, որի Նոր Գեղի համայնքի զբոսայգում շուրջ 5000 ծառեր տնկելուն միացել են նաև զինվորականները: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
