Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի». վարչապետ

1235
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 16:50
«2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակը:

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով:

Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, և մյուս կողմից, արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»:

Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում: