Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մոտավոր հաշվարկով՝ մեր բանակը ոչնչացրել է հակառակորդի զինտեխնիկայի 40 տոկոսը. «Իրատես»

474
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 08:55
Մոտավոր հաշվարկով՝ մեր բանակը ոչնչացրել է հակառակորդի զինտեխնիկայի 40 տոկոսը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Իրատեսի» զրուցակիցն է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

-Պատերազմը թեև չի ավարտվել, բայց եթե դասակարգելու լինենք թշնամու գործի դրած մարտավարական և ռազմավարական հնարքները, ի՞նչ պատկեր կստանանք։

-Թշնամին իր առջև առաջնային մեկ խնդիր էր դրել՝ հարձակվել մեծ ուժերով ու պաշտպանական բնագծի ճեղքում առաջացնելով, թե՛ դիրքային, թե՛ մարտավարական առաջխաղացում ունենալ։ Ըստ իրենց առջև դրված մարտավարական պլանի՝ բնագծի ճեղքումը 3-4-րդ օրը պետք է կայանար, բայց մեր զինված ուժերը կարողացել են դիմակայել թշնամու ուժգին հարվածներին ու անել հնարավորը դա թույլ չտալու համար: Ինչ վերաբերում է կիրառված զենքերին, ապա պաշտոնական տարբեր մակարդակներում հակառակորդը հայտարարել ու հայտարարում է, որ օգտագործել է իր զինանոցի 100 տոկոսը, ինչի մեջ մտնում են Իսրայելից, Բելառուսից, Ռուսաստանից ու Թուրքիայից ձեռք բերված զենքերը: Կարճ ասած՝ Ադրբեջանը պատերազմում է հնարավոր ամեն ինչով՝ սկսած վարձկաններից, ավարտած անօդաչու թռչող սարքերով ու հեռահար հրթիռներով:

-Դուք և՞ս այն համոզմանն եք, որ թուրքական ձեռագիրը նկատելի է պատերազմի առաջին իսկ օրվանից:

-Այս պատերազմը ամիսների, նույնիսկ տարիների մշակված գործողություն է, և թուրքական հետքը, համեմված ՆԱՏՕ-ի ոճով ու գործիքակազմով, տեսանելի է հենց սկզբից՝ սեպտեմբերի 27-ից: Վերլուծելով գործողությունների, դեպքերի հաջորդականությունն ու տրամաբանությունը՝ առաջին հայացքից թվում է, թե «փայլուն օպերացիա» են մշակել, բայց տարբեր փաստեր իրար կողքի դնելով՝ հստակորեն գծագրվում է, որ թե՛ Թուրքիան, թե՛ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը գերագնահատել են իրենց ուժերը:

-Բոլորն են ասում, որ այս պատերազմը, ի տարբերություն 1990-ականների ու Ապրիլյանի, առավել քան լայնամասշտաբ է: Ի՞նչ մասշտաբների ու համեմատության մասին է խոսքը:

-Տարբերությունը, բնականաբար, շատ մեծ է: Անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ թեև Ապրիլյանի ժամանակ են օգտագործվել, բայց այժմ տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ են դրանք փորձում Արցախ «ներխուժել»: Ի տարբերություն ներկա պատերազմի՝ Ապրիլյանի ժամանակ Սիրիայից կամ այլ տեղերից ներգրավված վարձկաններ էլ չկային: 2016-ին թշնամու հարվածային ուժն այդ մասշտաբների չէր հասնում, իսկ այս պահի դրությամբ մենք մոտ 500 տանկ ու զրահատանկային տարբեր տեխնիկա ենք չեզոքացրել, այդ թվում՝ «ՏՕՍ» և «Սմերչ» համակարգեր: Մոտավոր հաշվարկով՝ թշնամու զինտեխնիկայի 40 տոկոսը մեր բանակը կարողացել է ոչնչացնել: Այդ թվերի իսկությունն ապացուցում է նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի հռետորաբանությունը: Դեռևս երկու շաբաթ առաջ կոշտ ելույթներով հոխորտացող մեր «հարևաններն» այժմ առավել մեղմ բառապաշարի են անցել, իսկ դա, առաջին հերթին, մեր բանակի ու զինված ուժերի ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում