Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

ՌԴ նախագահի աշխատակազմում Նիկոլ Փաշինյանի օպերատիվ մականունը «Մորուք» է. «Դոսյե»

909
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 14:20
ՌԴ նախագահի աշխատակազմում Նիկոլ Փաշինյանի օպերատիվ մականունը «Մորուք» է. «Դոսյե»

Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում

Ռուսաստանի նախագահական աշխատակազմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ մականուն են տվել՝ «Մորուք», և հատուկ ուշադրությամբ հետևում են նրա ամեն մի քայլին, պնդում է «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:
Հետաքննության հեղինակներն ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից:
Չերնովի ենթակաների հատուկ հսկողության տակ է գտնվում, ինչպես նրանք գրում են իրենց զեկույցներում, «Սորոսի հիմնադրամի թիկունք» Նիկոլ Փաշինյանը, ով 2018-ին «թավշյա հեղափոխության» ալիքի վրա ստանձնեց Հայաստանի ղեկավարի պաշտոնը:
«Մինչև օգոստոս, ինչպես խոստացավ Միշան, հնարավոր չէր չեզոքացնել Նիկոլին: Այժմ, ըստ երևույթին, կսկսվի կոշտ սցենարը»,- հայտնում է ոմն Սվետլանա Մաքսիմովան:
«Հայաստանի ղեկավարը չի ձգտել սերտորեն համագործակցել անվտանգության պայմանագրի գործընկերների հետ: Ավելին, Ն. Փաշինյանը կասկածի տակ դրեց ՀԱՊԿ-ին և նույնիսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը: Միևնույն ժամանակ, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ հրամայելով ձերբակալել կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Նա նույնիսկ չի մասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին՝ անտեղի նշելով կորոնավիրուսի հետ կապված խնդիրները: Ռուսաստանից հեռանալու ընթացքը բնորոշ էր Փաշինյանին: Ավելին, նրա օրոք իշխանության եկան ամերիկամետ քաղաքական գործիչները, որոնք կասկածվում էին ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու մեջ»:
Չերնովի թղթերի մեջ հայտնաբերվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հաճախակի այցելում է Մոսկվա, իսկ 2019-ի փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» հետ: 1979 թվականին ՆԳՆ պարեկապահակային ծառայության սպա Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է խմբակային բռնաբարության համար և ազատազրկում կրել (սակայն 22 տարի անց պատժաչափը չեղյալ հայտարարվեց, իսկ նա արդարացվեց):
Ուշագրավ են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք ԱԱԾ ղեկավար Կարլոս Պետրոսյանի մասին տեղեկությունները: Ըստ «Դոսյե»-ի, մոտ հինգ տարի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության թիվ մեկ պատասխանատուն պաշտոնաթողությունից անմիջապես հետո Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել՝ հատուկ կարգով, և մինչ այժմ ապրում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ հաջողել է բնակարան գնել 200 միլիոն ռուբլով՝ ավելի քան երկուսուկես միլիոն դոլարով: Բացի այդ, ըստ «Դոսյե»-ի, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը նաև առանձնատուն է ստացել մերձմոսկովյան Մալախովկայում, ընդ որում՝ անձամբ նախագահ Պուտինի կարգադրությամբ: Թե որ ծառայությունների դիմաց՝ դժվար է կռահել, քանի որ Պուտինի այդ որոշումը գաղտնի է եղել: Հայտնի է միայն, որ այդտեղ՝ Պետրոսյանի հարևանությամբ է ապրում նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի նախկին փոխտնօրեն, գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովը: Հետաքննությունը հիշատակում է նաև ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին, ով, ըստ նախաքննության, ինքնասպան եղավ այս տարեսկզբին, ապա՝ Արթուր Վանեցյանին: «Վերջինն ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, և հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում՝ ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ»,- փաստում է «Դոսյե»-ն:
Քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը՝ Լազարևյան ակումբը, օրինակ, ձևավորվել է «թավշյա հեղափոխությունից» հետո, ռուսական կողմից, այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, ով տարիներ առաջ նամակ էր գրել նախագահ Պուտինին, ու պնդել՝ Ղարաբաղի հարց չկա, կա Ռուսաստանի հարց, Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով մինչ օրս ամեն շաբաթ ակումբի կայքում քարոզչական հոդվածներ է հրապարակում, որոնցից մեկն, օրինակ, վերնագրված է՝ «Գլոբալիստների նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանը, ֆիասկո ապրեց. ինչ է լինելու հետո»: