Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սա պետական անվտանգության հարց է». Արմեն Մարտիրոսյան

353
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 16:35
«Սա պետական անվտանգության հարց է». Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը դատի կտա «Սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողներին:

Լավ կանի։

Բայց ինձ այլ բան է հետաքրքրում։

Ես կարծում եմ, որ «Սեռական դաստիարակություն» առարկա պետք է, և եթե ոչ առանձին, ապա անատոմիայի կամ այլ առարկայի շրջանակներում։ Սա պետական անվտանգության հարց է։

Հայաստանի կանանց մեկ քառորդը բալիկ չի ունենում այս կամ այն խնդիրների պատճառով, որոնց մեծամասնությունն ունեն մշակութային հիմք։ Անչափահաս տարիքում առանց պաշտպանվելու սեռական ակտեր, անհաջող փորձերից ստացված հոգեբանական խնդիրներ, տարբեր տիպի հիվանդություններ ու սեռավարակներ, ոչ հիվանդանոցային պայմաններում կատարվող աբորտների տխուր հետևանքներ և այլն։

Իսկ եթե կանանց մեկ քառորդը բալիկ չի ունենում, ապա բանակի զինվորների մեկ քառորդը չի ծնվում, էլ չեմ խոսում տնտեսական կամ դեմոգրաֆիական հետևանքների մասին։

Սեռական դաստիարակությունն անչափահասի դաստիարակության մի կարևոր մասն է ու եթե այն չի դասավանդվում, ապա երեխան մեծանում և դառնում է սեռական անդաստիարակ՝ համապատասխան հետևանքներով։

Ո՞ւմ է ուսուցչի կամ ծնողի տված սեռական դաստիարակությունը մինչ այսօր խանգարել։

Իսկ ո՞վ է այս բնագավառի տեղեկություններն ստացել հայաթի Վաղո ձյաձյայից։

Ի՞նչն է կարևոր, հաղթահարել հիմար կոմպլեքսներն ու խոսել երեխայի հետ այս թեմայով, դասավանդել այս թեմաները դպրոցում, թե՞ ունենալ չհամալրվող բանակ, դժբախտ ամուսնություններ և առողջական խնդիրներ։

Ո՞ր երեխան է էլեկտրականության մասին ստացել նորմալ գիտելիք և հետո տոկից մահացել կամ տեսողությունը կորցրել։ Իսկ տոկից մահացածների կամ հաշմանդամ դարձածների քանի՞ տոկոսն է ունեցել էլեկտրականության մասին գիտելիք։

Լուցկուց ճիշտ օգտվել իմանալն ո՞ւմ է դրդել, որ ինքն իրեն հրկիզի։

Տեղեկությունը և կրթությունը ոչ մեկին չեն խանգարել կյանքում։

Իսկ անկրթությունը մեծ չարիք է և անձի, և հասարակության համար»։