Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

1291
Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ., 10:40
Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։

Մարտիրոս Սարյան

Այսօր հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է:

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928-ին Ջաջուռ գյուղում։ 1947–52թթ. սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952–54թթ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը:

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հանրահայտ են Ավետիսյանի «Տարվա եղանակները» (1960-63թթ.), «Իմ ծնողները» (1962թ.), «Հանդիպում» (1965թ.), «Հորս դիմանկարը» (1965թ.), «Շեմին» (1967թ.) և այլ գործեր:

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- այսպես է նրա արվեստը բնութագրել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը։

1972թ. հրդեհվել է նրա արվեստանոցը, այրվել է 100-ից ավելի նկար: Մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982-ին):

1975-ի փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Մահանում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին: Առեղծվածային ավտովթարի մանրամասները մինչ այսօր պարզված չեն: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք թանգարաններում: 1977թ. Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է