«Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից»․ Գ․ Ծառուկյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։ Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և ես, ինչպես գիտեք, վիրուսով պայմանավորված՝ ունեմ առողջական խնդիրներ, գտնվում եմ բժիշկների հսկողության տակ և չունեմ մեծ լսարանի հետ շփման հնարավորություն։ ·Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 5-ի իմ ելույթը և արդյո՞ք ես գիտակցում էի, որ դրանից հետո իմ հանդեպ կսկվի նման արշավ։ Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։ Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու և, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։ Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։ Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա։ ·Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։ Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։ Ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, ո՛չ թե ժողովրդի համար շոու կկազմակերպեր՝ Ծառուկյանին կալանքի սանկցիա տալու էս ամբողջ ներկայացումները բեմադրելով, այլ էդ նու՛յն ժողովրդի համար կփորձեր վաղվա օրն ապահովել՝ նու՛յն Ծառուկյանի կարողություններն ու կապերն օգտագործելով հանուն մեր պետության զարգացման։ Հիմա ամբողջ աշխարհում ուժերն են հաշվում, չեղած հզորություններ են ստեղծում, իսկ իրենք դրած՝ եղած հզորություններն են քանդում։ ·Ասում են, որ ես հոռետեսական գույներով եմ ներկայացնում իրականությունը, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Եթե մի քանի համալսարան ավարտած տնտեսագետները կամ փափուկ աշխատասենյակներում նստած նոր պաշտոնյաները հանգիստ ասում են, որ Հայաստանում կարող է լինել երկնիշ տնտեսական անկում, ապա ես ամեն օր անձամբ շփվում եմ մարդկանց հետ և նրանցից գիտեմ իրականությունը։ Ես գիտեմ, որ երկնիշ տնտեսական անկումը կես միլիոն սոված մարդն է, որը կորցնելու էլ ոչինչ չի ունենալու։ Տուն, տեղ, բիզնես, հող ամեն ինչ կորցրած է լինելու։ Ի՞նչ է անում պետությունը աշնանացանին նախապատրաստվելու համար։ Համաճարակից հետո բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիր կա: Եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան մեր երկրում չի լինելու, ամեն մեկը իր համար է պահելու սննդամթերքը։ · Ի՞նչ եմ արել ես տնտեսության վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար։ Երևանում կասեցված է Կեմպինսկի հյուրանոցի շինարարությունը։ Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ համատեղ ներդրումային ծրագիր էր՝ 100 մլն դոլարից ավելի։ Մյուս խոշոր պրոեկտը «Արսիլիցիումի» գործարանի նախագիծն էր։ Արժենալու էր մոտ 1 միլիարդ դոլար, ունենալու էր մոտ 3000 աշխատատեղ։ Արհեստական քաշքշուկների, խոչընդոտների պատճառով արաբ ներդրողները հիասթափված հեռացան։ Բամբակի գործարանը, որը միջազգային խոշոր պրոեկտ էր, շատ հեռանկարային, պիտի ապահովեր հարյուրավոր աշխատատեղեր։ Բայց արդեն մեկ տարի է՝ գործընթացը արհեստական ձգձգվում է։ Աբովյան քաղաքում աննախադեպ սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ մոտ 2000 ընտանիքի համար գերմատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Նախատեսված էր, որ ամսական վճարելով մոտ 65 հազար դրամ, երիտասարդ ընտանիքը կդառնար բնակարանի տեր։ Նման պայմաններով նման ծավալի սոցիալական բնակարանաշինական ծրագիր Հայաստանում չի եղել։ Տարբեր կարգի չինովնիկների պատճառով մեկ տարի է՝ ամեն ինչ կանգնած է, շինարարական աշխատանքներ չեն արվում։ Հազարավոր մարդկանց՝ մատչելի պայմաններով տուն ունենալու երազանքը այդ մարդիկ, այդ պաշտոնյաները գողացել են։ Ո՞ր մեկը թվարկեմ։ Աշխատատեղ ո՞նց պիտի բացվի՝ ներդրումներով, տուն ո՞նց են ստանում մարդիկ՝ շինարարությամբ, պետությանը ո՞նց են շատ հարկ մուծում՝ նոր գործարաններով, նոր հիմնարկներով։ Հիմա իշխանությունը ամեն կերպ խանգարում է, ամեն կերպ խոչընդոտում է։ Ես այս մարդկանց չեմ հասկանում։ · Ասում են, որ ես համաճարակի դեմ պայքարի տապալման մեջ մեղադրում եմ իշխանությանը։ Առողջապահության նախարարը ուրախանում է իմ ու իմ ընտանիքի դեմ սկսված արշավով, ժամանակ ունի՝ դրա մասին խոսում է։ Հարյուրավոր, վերջը չերևացող մահերի մեղավորություն ունես դու, և դեռ ֆեյսբուքում էժան հումոր անելու ժամանակ ու տրամադրությո՞ւն ունես։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։ Իմ հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հատ-հատ հավաքում, վերլուծում է թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար։ Մենք չգիտենք վաղը մարդկանց առողջության վրա ինչ հետևանքներ է ունենալու այս վարակը։ Ջահելների վրա, երիտասարդ մայրերի վրա։ Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում։ ·Ասում են երկրում արդարություն է ձևավորված և հիմա ամեն ինչ արդար է։ Արդարությունը պրեմիանե՞րն են, որ իշխանությունն ինքն իր համար դուրս է գրում, իսկ մնացած ժողովուրդը հացի փող չունի։ Կորոնավիրուսի օրինակը բերեմ՝ հաշվե՞լ եք, թե մարդու վրա ինչ է նստում բուժվելը՝ ուսուցիչը, դասախոսը, գյուղացին, միջին ընտանիքը ինչքան են վճարում։ Հաշվե՞լ եք՝ թեստը ինչ արժե, տոմոգրաֆիան ինչ արժե, դեղորայքը ինչ արժե։ Մարդիկ պարտք են անում, վարկ են վերցնում, որ վարակից մի կերպ բուժվեն, իսկ իշխանավորները իրենք իրենց պրեմիաներ են դուրս գրում և ապրում։ Սա՞ է արդարությունը։ Արդարությունն այն կլիներ, որ տանը բուժվող տասնյակ հազարավոր մարդիկ պետության կողմից ապահովված լինեին դեղորայքով, մյուս անհրաժեշտ հետազոտություններով, մեկուսացման փուլում նվազագույնը սննդի գումար տրվեր։ Արդարությունն այն կլիներ, որ փակվող փոքր և միջին բիզնեսներին ռեալ աջակության ծրագրեր լինեին, ոչ թե փոշիացվեր մի մեծ գումար։ ·Հարցնում են, թե ինչո՞ւ ներդրումներ չկան Հայաստանում, և ես դրա մասին էլ իմ ելույթում խոսել էի։ Ո՞ր ներդրողը կգա Հայաստան։ Ով եկավ՝ արհամարհեցիք, նեղացան գնացին։ Մյուսը՝ տեսնելով քրեական գործերը, բանկային գաղտնիքի թուլացման օրենքը, գույքահարկի բարձրացումը, ինչո՞ւ պիտի գա Հայաստան ներդում անի, ռիսկի տակ դնի իր կապիտալը։ Կգնա ուրիշ երկիր։ · Ասում են, որ շատ երկրներում է այդպես ու միայն Հայաստանի խնդիրը չէ։ Ճի՛շտ են ասում, բայց իրավիճակից դուրս են գալու այն երկրները, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, միասնական են, խելք խելքի տված լուծումներ են գտնում։ Իմ ասածն էլ հենց դա՛ է։ Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել։ Պրոբլեմները մի օրվա չեն։ Հետո մի մոռացեք, որ բոլոր երկրները չեն կիսապատերազմական վիճակում, բոլոր երկրների վրա չի հարևանը ասում՝ կհարձակվեմ, կգրավեմ։ ·Ի՞նչ եմ առաջարկում ես ·Որո՞նք են իմ հետագա քայլերը Հաջորդ քայլով ես դիմելու եմ Հայաստանի և աշխարհի հեղինակավոր տնտեսագետների, կառավարման փորձ ունեցող գործիչների՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։ Շատ կարևոր է որոշակի սոցիալական խավերի ուղիղ օգնության խնդիրը։ Ես պետք է հասկանամ հնարավորությունները, ռեսուրսները և կազմենք մարդկանց հասցեական օգնության ծրագիր։ Չի՛ կարելի մարդուն թողնել սոցիալական և առողջապահական ողբերգության առաջ։ Նման հանձնարարական ես արդեն տվել եմ իմ հիմնադրամին։ Ես հանձնարարություն եմ տվել՝ մշակել խոշոր ներդրումային ծրագրեր։ Երկիրը այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Ես իմ անձնական կապերով և անձնական հեղինակությամբ կբանակցեմ ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն պետք չէ։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է։ Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել։ Սա և՛ ազգային անվտանգության խնդիր է, և՛ հնարավոր ներդրումների և մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց։ Այնպես որ շատ բան կա անելու, շատ-շատ։ Ու ամենակարևորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել»։ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30