Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անվճար ոչինչ չի լինում»․ Տիգրան Գրիգորյան

588
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 16:15
«Անվճար ոչինչ չի լինում»․ Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պոպուլիստ ընդդիմությունից շատ անգամ ավելի վտանգավոր է պոպուլիստ իշխանությունը: Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն այնպիսի հպարտությամբ են հայտարարում, որ Արցախում բարձրագույն կրթությունը սեպտեմբերի 1-ից անվճար է լինելու, ասես մի հանճարեղ բարեփոխում են իրականացնում:

Նախ, սկսենք նրանից, որ անվճար ոչինչ չի լինում: Արայիկ Հարությունյանի պոպուլիստական խոստումները կյանքի կոչելու համար վճարելու են Արցախի և Հայաստանի հասարակությունները: Այս գրառումը ընթերցող մարդիկ հարկ են վճարելու, որպեսզի Ղարաբաղում բոլոր ցանկացողները Արցախի պետական համալսարանի և համալսարաններ կոչվող այլ հաստատությունների գրոշի արժեք չունեցող դիպլոմներ ունենան: Այո, դիպլոմներ, այլ ոչ թե կրթություն: Որովհետև Ղարաբաղում բարձրագույն կրթություն չկա: Համալսարանների դասախոսների մեծամասնությունը նույնիսկ դպրոցական մակարդակի գիտելիքներ չունեն: Սա ասում եմ առանց չափազանցեցնելու: Ընդամենը մի քանի քիչ թե շատ կայացած ֆակուլտետ կա:

Եվ պատշաճ մակարդակ ունեցող ու բարձր վարձատրվող դասախոսներ հրավիրելու, կրթական պրոցեսում իրական հաջողություններ ցուցաբերող ուսանողներին հատկացվող կրթաթոշակները զգալիորեն բարձրացնելու, համալսարանները գիտական կենտրոններ դարձնելու ու այլ խորքային բարեփոխումներ իրականացնելու փոխարեն որոշել են, որ մենք բոլորս պետք է վճարենք մարդկանց կրթության համար, որոնք ոչ նորմալ կրթություն են ստանալու, ոչ իրենց մասնագիտությամբ աշխատելու են, ոչ էլ մեր հարկերով ստացած «կրթությամբ» հասարակությանը օգուտ են տալու:

Զարմանալի ոչինչ չկա: Արցախում իշխանության են եկել չափազանց ցածր կրթական ցենզ ունեցող դեմքեր, որոնք ընդունակ են միայն այսպիսի տափակ լուծումներ առաջարկել: Որևէ կասկած չկա, որ այսպիսի ցածր որակի իշխանություն Արցախում դեռ երբեք չի եղել»: