Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը»․ քաղաքապետը՝ շրջանավարտներին

543
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 10:00
«Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը»․ քաղաքապետը՝ շրջանավարտներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի շրջանավարտներ,
Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ նոր փորձառություն է բերում, հետևաբար՝ մարտահրավերներին դիմակայելու նոր հմտություններ:
Օրինակ, համավարակի այս օրերին դուք սովորեցիք հեռավար գործիքներ կիրառել կրթվելու համար, հմտություն, որը ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ ձեզ հաստա՛տ պետք կգա: Կարանտինի պարտադրած մեկուսացումը, այն էլ ձեր տարիքի համար, մի ուրիշ փորձություն է, որը սակայն առիթ տվեց վերարժևորելու մեր ընկերների ու հարազատների, մեր սիրելիների հետ անմիջական շփման բերկրանքը:
Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին, որոնք տարիներ շարունակ ձեր կողքին էին, իսկ այս ամիսներին նաև կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը՝ արագորեն «վերաֆորմատավորվելով» և ուսման պրոցեսը տեղափոխելով առցանց հարթակ: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին այս հուզիչ ու կարևոր օրվա առթիվ:
Երջանիկ եմ, որ ապրում և աշխատում եմ մի քաղաքում, որտեղ ձեր նման մարդիկ են ապում, անչափ հաճելի է գիտակցել, որ մեր քաղաքի վաղվա օրը կերտելու են այսօրվա փայլուն սերնդի շրջանավարտները:
Շնորհավորում եմ ձեզ, բարի երթ:
Կյանքի բոլոր շրջադարձերում հիշեք, որ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր, օրինապաշտ ու ստեղծագործ: Եվ ամենակարևորը՝ միասին մենք ուժեղ ենք»: