«Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ». Արկադի Խաչատրյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության աջակցության ծրագրերի, ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և «Լուսավոր Հայաստան»-ին «պոպուլիզմի» մեջ մեղադրելու մասին Սիրելի հայրենակիցներ, երեկ և այսօր իշխանական խմբակցության մեր գործընկերները կոչ էին անում «Լուսավոր Հայաստան» խմբակցության տնտեսագետ պատգամավորներին հուշել, թե որտեղից հայթայթել 100 մլրդ դրամ՝ հակաճգնաժամային անհատույց աջակցության համար: Սիրով ուզում եմ անդրադառնալ այս և ոչ միայն այս թեմային: 1. Հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված 150 մլրդ դրամից՝ 1.5 ամիս տևողությամբ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին, գյուղացիներին և այլ քաղաքացիներին փաստացի հասանելի է դարձել շուրջ 48 մլրդ դրամի աջակցություն, որն ի դեպ կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0.7%-ը: 2. Սա չնչին ներարկում է տնտեսության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր 3-4 օրում կորցնում ենք այդքանից ավելի ՀՆԱ՝ տնտեսական գործունեության սահմանափակումների և պարապուրդի պատճառով: 3. Կառավարության կողմից ներկայումս առաջարկվող «աջակցությունը» ո՛չ իր ծավալով, ո՛չ ներարկման եղանակով չի կարող ապահովել այսօր առկա առաջարկի և պահանջարկի շոկերին մեր տնտեսության անհրաժեշտ դիմակայումը: 4. Կառավարությունը կարծում է, որ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին և գյուղացուն աջակցելը վարկ տալն է, և դա այն դեպքում, երբ նրանք գոյատևման և անհատույց աջակցության կարիք ունեն: 5. Կառավարության ներկայացուցիչն ամբիոնից հայտարարում է, որ տնտեսության մեջ հնարավոր է ներարկել այնքան միջոցներ, որքան այն ի վիճակի է կլանելու՝ ակնարկելով, որ իրենց նախատեսած «աջակցությունը» չի կլանվում տնտեսության կողմից: 6. Այո՛, դա ճիշտ է, բայց ինչո՞ւ չի կլանվում, մի՞թե փողի կարիք չկա: Բայց մենք գիտենք, չէ՞, որ այսօր թե՛ բիզնեսի և թե՛ ազգաբնակչության մոտ փողի հսկայական կարիք կա: 7. «Աջակցությունը» չի կլանվում, որովհետև առաջարկվող ծրագրերի առյուծի բաժինը, չհաշված սոցիալական ծրագրերը, վարկային ծրագրեր են: Որովհետև վարկային ծանրագույն բեռի տակ գտնվող անվարկունակ գյուղացուն կրկին առաջարկվում է վարկ վերցնել՝ անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու փոխարեն: Ճգնաժամից առաջնահերթ տուժած ոլորտների ՓՄՁ-ներին հարկային արձակուրդներ տրամադրելու փոխարեն առաջարկվում է վարկ վերցնել, որ հարկեր վճարեն: 8. Մեր կողմից մատնանշվել է տնտեսավարողների և քաղաքացիների 12 կատեգորիա, որոնք դուրս են մնացել առաջարկվող աջակցության ծրագրերից և որոնց համար անհապաղ պետք է մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ: 9. Անընդունելի ենք համարել սեփական քաղաքացուն և տնտեսավարողին «պատժելու» և աջակցությունից զրկելու մոտեցումը միայն այն պատճառով, որ նա գրանցված չէ, ՀԴՄ չունի, կարգապահ չի եղել, վարկունակ չէ, չենք կարողանում նույնականացնել, անչափահաս երեխա չունի, հղի չէ և այլն: 10. Այո՛, մենք ասել ենք և ասում ենք, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ենթակա են արմատական փոփոխության՝ - վարկային ծրագրերն իրենց տեղը պետք է զիջեն անհատույց ուղղակի աջակցության ծրագրերին, որոնք պետք է լինեն թիրախային և արդյունավետ, - թիրախային սոցիալական խմբերն են՝ առանց եկամտի մնացած, բոլոր ծրագրերից դուրս մնացած, ինչպես նաև առանձնապես խոցելի խմբերում ընդգրկված մեր քաղաքացիները, - առանձնահատուկ ուշադրություն դարձնել գյուղացուն՝ նպատակային անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու միջոցով (պարարտանյութ, վառելիք, տնկիներ և այլն), ինչպես նաև հնարավորինս գյուղացուն տարբեր տեսակի ռիսկերից զերծ պահելու միջոցով (վարկային, արտարժութային, եղանակային, բերքի իրացման և այլն), - տրամադրել հարկային արձակուրդ ճգնաժամից տուժած առանձին ոլորտների տնտեսավարողներին, - բիզնեսին՝ աջակցության վարկային ծրագրերի հետ մեկտեղ առաջարկել թիրախային անհատույց աջակցության ծրագրեր, - սոցիալական խնդիրները լուծել հնարավորինս բիզնեսին աջակցելու և աշխատատեղերը պահպանելուն ուղղված աջակցության ծրագրերի միջոցով, - մեր կողմից մատնանշված և բոլոր ծրագրերից դուրս մնացած տնտեսավարողների բազմաթիվ կատեգորիաների համար մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ, - և այլն: 11. Անհապահ պետք իրականացնել կապիտալ ծախսեր (շինարարություն, ճանապարհաշինարարություն, այլ ենթակառուցվածքների կառուցում)՝ առաջնահերթությունը տալով այն համայնքներում դրանց իրականացմանը, որոնց բնակիչներն առավելապես մեկնում էին արտագնա աշխատանքի, և անհրաժեշտ է հնարավորինս ապահովել այդ մարդկանց աշխատանքի օգտագործումը և նրանց զբաղվածությունը: 12. Այո՛, Կառավարությունն ստիպված է լինելու աստիճանաբար հանել տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները, և մենք պարտավոր ենք համակերպվել, որ ապրելու ենք և աշխատելու ենք կորոնավիրուսային իրողությունների պայմաններում: 13. Հիմա հակաճգնաժամային անհատույց աջակցության համար անհրաժեշտ 100 մլրդ դրամի հնարավոր աղբյուրների մասին (ի դեպ, դա մեր ՀՆԱ-ի ընդամենը 1.5%-ն է): Դրանք բազմաթիվ են և շատ պարզ, տնտեսագետները շատ լավ գիտեն: Ես չեմ նշի, թե որ աղբյուրից որքան գումար կարելի է վերցնել՝ համամասնությունների որոշումը թողնելով կառավարությանը: Այսպես՝ - գանձապետական միասնական հաշվի մնացորդ (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 17.9 մլրդ դրամ), կառավարության ավանդ ԿԲ-ում (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 348 մլրդ դրամ) (մնացորդները հայտնի են, սակայն դրանց բացվածքը կարող է տալ միայն կառավարությունը), - պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարում կամ պետական մասնակցությամբ առանձին կազմակերպություններում պետության բաժնեմասի կամ մասնաբաժնի մասնավորեցում (ի դեպ, այս աղբյուրը նախատեսել է նաև կառավարությունն այսօր ընդունված 2020թ. բյուջեի փոփոխություններով), - միջոցների ներգրավում արտաքին աղբյուրներից (Կառավարությունը հայտարարել է 300 մլն $ վարկի հասանելիության մասին, որն արդեն կազմում է շուրջ 150 մլրդ. դրամ), - հիշեցնեմ, որ հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված է 150 մլրդ. դրամ, որից դեռևս տեղաբաշխված չէ ավելի քան 100 մլրդ. դրամը: Այդ միջոցները կամ դրանց մի մասը, հատկապես զարգացման ծրագրերի համար նախատեսված, կարող են նաև վերաբաշխվել՝ ուղղվելով անհատույց աջակցության ծրագրերին: - Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, - վերջապես մենք ունենք նաև միջազգային պահուստներ (01.01.2020թ. դրությամբ մեր զուտ միջազգային պահուստները կազմում են շուրջ 1.068 տրլն դրամ), որոնք մեր ֆինանսական անվտանգության բարձիկներն են: 14. Արդյոք դեռ մեր գործընկերների մոտ հարց է մնում, թե որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ: Վստահ եմ, որ այդպիսի խնդիր այսօր Կառավարությունն իսկապես չունի: 15. Պոպուլիզմի մասին կարելի է խոսել անիրատեսական, անիրագործելի, սակայն ականջահաճո առաջարկներ անելու դեպքում: 16. Արդյոք վերոհիշյալ դրույթներից որևէ մեկը կարելի ա համարել պոպուլիզմ: Կարծում եմ, որ ոչ: 17. Արդյոք դրանք կատարյալ են: Իհարկե, ոչ: Եվ դրանց հետ կարելի է չհամաձայնել: 18. Բայց համաձայնեք, որ մենք պետք է սովորենք ինչպես քննադատել, այնպես էլ լսել քննադատություն, հատկապես, եթե այն կառուցողական է, եթե նույնիսկ այն ցավոտ է, եթե նույնիսկ մենք համաձայն չենք: 19. Հուսամ՝ բոլոր հարցերին անդրադարձա»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
