Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Արցախի նորընտիր նախագահն անուղղակիորեն սպառնալիքներ հնչեցրեց Ալեքսանդր Քանանյանի հասցեին»․ Հայկ Մարտիրոսյան

280
Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 14:05
«Արցախի նորընտիր նախագահն անուղղակիորեն սպառնալիքներ հնչեցրեց Ալեքսանդր Քանանյանի հասցեին»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի նորընտիր այսպես կոչված նախագահը քիչ առաջ անուղղակիորեն ուղղակի սպառնալիքներ հնչեցրեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հասցեին: Նաև՝ հայտարարեց, որ ինքը Արցախի ՀԷԿ-երի ամենաուժեղ ջատագովն է եղել և շարունակելու է լինել: Հարությունյանը նաև հայտարարեց, որ «ովքեր դեմ են Արցախի էներգետիկ անկախությանը՝ երկրի թշնամիներն են»:

Ստացվում է, որ Արցախի մարզպանը դրսևորում է միջնադարյան մարզպանական շրջանի բդեշխին հարիր մոտեցումներ և չի հասկանում, որ ՀԷԿ-երով էներգետիկ անկախություն և հետևաբար անվտանգություն չի կարելի ապահովել, որովհետև դա արվում է բնապահպանական անվտանգության հաշվին, որ ավելի կարևոր է:

Էներգետիկ անվտանգության միակ ժամանակակից և բնապահպանական առումով մաքուր երկու մեթոդները հանդիսանում են արևային էներգիան (ընդ որում՝ քամու էներգիայի ստացման խոշոր կայաններն այլևս չեն համարվում բնության համար անվտանգ) և նորագույն՝ միկրոմիջուկային կայանները, որոնց ուղղությամբ բազում նորարարական Արևմտյան ընկերություններ արդեն խիստ առաջադեմ քայլեր են կատարել:

ՀԷԿ-երն անդառնալի վնաս են հասցնում բնության էկոհամակարգերին՝ ոչնչացնում կենսական ջրային ռեսուրսները և անվերադարձ ազդեցություն թողնում հարևան հսկայական տարածքների վրա՝ դրանք դարձնելով կենդանական և բուսական աշխարհից զուրկ և անջրդի:

Հայաստանին միանշանակ նոր հեղափոխություն է անհրաժեշտ: Խորքային, իրական, իսկական հեղափոխություն: Եվ նախևառաջ՝ արժեքային»:

Հիշեցնենք՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով ՀԷԿ-երի շինարարությանը՝ նշել էր, որ եթե դրանց կառուցումը համապատասխանում է բնապահպանական նորմերին, բայց գտնվի մեկը, ով կփորձի ընդդիմանալ և խանգարել՝ համարվելու է երկրի տնտեսությանը խոչընդոտ և պատասխան է տալու օրենքի առաջ: