Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մենք անկարող ենք այլևս լռել». Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների բաց նամակը

383
Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 11:15
«Մենք անկարող ենք այլևս լռել». Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների բաց նամակը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Մեծարգո ՛ Արայիկ Հարությունյան, մենք անկարող ենք այլևս լռել, քանի որ թատրոնը, ստեղծագործական ոգին և մեզ՝ որպես արտիստ, թաղում են վախի և լարվածության ճահճում: Թատրոնի առօրյա կյանքը վերածվել է մղձավանջային ներկայացման, որի վարագույրը բացվեց, երբ դատարանը Կոնստանտին Օրբելյանի հայցը բավարարեց: Պարո ՛ն նախարար, շատ ենք ուզում հավատալ, որ Օպերայի և բալետի թատրոնում ներկայումս տիրող՝ Կ. Օրբելյանի կողմից կառավարվող քաոսի հանդեպ Ձեր արձագանքի բացակայությունն անտեղյակության, այլ ոչ անտարբերության արդյունք է և, որ այս նամակի միջոցով կկարողանանք հեղափոխության հայացքն ուղղել դեպի Ա. Սպենդարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Հարկ ենք համարում նշել, որ այս հակամշակութային մթնոլորտը սկսեց է՛լ ավելի շիկանալ, Կ. Օրբելյանի կողմից արտահերթ ատեստավորման լսումների նշանակման (13-14 մարտ 2020թ.) կամայական և իրավականորեն չհիմնավորված որոշում կայացնելու պահից, քանի որ, ըստ թատրոնում մեծ տարածում գտած կարծիքի, այս ատեստավորման լսումների արդյունքը լինելու է Կ. Օրբելյանին աջակցող և իր գործելաոճի հանդեպ լոյալ դիրքորոշում ունեցող շրջանակին պարգևատրելու ծիսակատարությունը: Նշենք նաև, որ վերջին շրջանում ստեղծվում են նոր հաստիքներ, որոնց գործառույթները, ստեղծման իրավական ընթացակարգերը ևս, անորոշ և խորապես կասկածելի են: Պարո ՛ն նախարար, ձգտելով լինել հնարավորինս արդարացի, հարկ է նշել, որ այս իրադրության համար միայն Կ. Օրբելյանին չէ, որ «պարտական» ենք, սակայն այն, որ նա իրեն դրսևորում է որպես անցյալի բոլոր արատավոր դրսևորումների լիարժեք իրավահաջորդն ու արմատավորողը, փաստ է: Ակնհայտ է, որ խորամանկորեն է ընտրված նաև ատեստավորման լսումների ժամանակահատվածը. Օրբելյանն իր նպատակների ծածուկ իրագործման համար ընտրել է այդ ժամանակահատվածը, քանի որ ամբողջ հասարակության ուշադրությանը սևեռված է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ուղղությամբ:

Եվ վերջում. խնդրում ենք հաշվի առնել, որ Ձեզ դիմելու այս անանուն միջոցին ենք դիմել գեստապոյական գործելաոճով ներդրված ճնշող վերահսկողության մեխանիզմների պատճառով:

Հարգանքով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ մեներգիչներ