Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ ամբողջությամբ կկատարի Կոմիտասի «Բեռլինյան պատարագ»-ը

337
Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 09:10
Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ ամբողջությամբ կկատարի Կոմիտասի «Բեռլինյան պատարագ»-ը

Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ ամբողջությամբ կկատարի Կոմիտաս վարդապետի «Բեռլինյան պատարագ»-ը: Ստեղծագործությունը կհնչի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 27-ին, ժամը 19:00-ին կայանալիք համերգին:

1896 թվականին Կոմիտասն Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից ստացավ Բեռլինում ուսանելու կրթաթոշակ։ Նա սովորեց Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայումս՝ Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժնում, և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Իսկ 3-րդ կուրսում էլ գրեց հայտնի «Բեռլինյան պատարագը»՝ գերմաներեն ստեղծագործություն, իհարկե, հիմնված հայկական շարականների թեմատիկայի վրա:

Գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ՝ համերգային երեկոյին կհնչեն նաև Կոմիտասի «Լոռվա գութաներգ», «Ծիրանի ծառ», «Առավոտուն բարի լույս», «Քաղհան», «Գութանը հաց եմ բերում», «Յար ջան, արի», «Ինչու Բինգյոլը մտար», «Սուսան սմբուլ», «Չինար ես», «Անձրեվն եկավ», «Էս գիշեր, լուսնակ գիշեր», «Զար, զընգը», «Ել, ել» ստեղծագործությունները:

Նշենք, որ սա երգչախմբի նախաձեռնած «Կոմիտասը և մենք» շարքի վերջին՝ 7-րդ համերգն է: Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկը տրվել էր դեռևս նախորդ տարի, և ամբողջ տարվա ընթացքում երգչախումբը հանդես եկավ Կոմիտասին նվիրված համերգներով ներկայացնելով նրա հարուստ երգչախմբային ժառանգությունը: