Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից

312
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 19:00
Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից

Ճանաչված կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված ինքնատիպ երեկո անցկացվեց Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում: Հայաստանի պետական ջազ նվագախումբը մի ամբողջ երեկո հնչեցրեց ամերիկացի կոմպոզիտորի երաժշտական ժառանգության յուրահատուկ նմուշները:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ ներկայացվեցին գերշվինյան ելևէջներ՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:

«Հայաստանի պետական ջազ նվագախումբը մշտապես փորձում է ներկայացնել թեմատիկ ու ինքնատիպ համերգներ: Այս անգամ երևանյան ունկնդրին ենք ներկայացրել երեկո՝ նվիրված Ջորջ Գերշվինին: Նա ջազի հիմնադիրներից է, հարուստ ժառանգություն է թողել, ոգեշնչել բազում համաշխարհային երաժիշտների: Համերգը նվիրված է Գերշվինի հարուստ ստեղծագործական ժառանգությանը: Մեկուկես ժամում դժվար էր ամեն ինչ ներկայացնել, բայց փորձել ենք կատարել կոմպոզիտորի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը»,-նշում է Արմեն Հյուսնունցը:

Նվագախմբի հետ երեկոյի ընթացքում հանդես եկան նաև երիտասարդ մենակատարներ: Ներկայացվեցին նաև գերշվինյան գործերի հետաքրքի, անսպասելի գործիքավորումներ, որոնք իրականացվել են ժամանակակից երաժիշտների կողմից:

Հավելենք, որ ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898 թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։

Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։

Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի՝ դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։

Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից
Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից
Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից
Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից