Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Ոչ ռուսական» գազի ներկրումը չի լուծի Հայաստանի ներսում «սակագնային անարդարության» խնդիրը». Վահե Դավթյան

422
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 08:50
««Ոչ ռուսական» գազի ներկրումը չի լուծի Հայաստանի ներսում «սակագնային անարդարության» խնդիրը». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կրկին հայտարարել է Աշխաբադի հետ բանակցությունների անցկացման մասին՝ նվիրված Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային սվոփ-միջանցքի ձևավորման հարցին: Այլ խոսքերով՝ ենթադրվում է գործարկել մի մոդել, ըստ որի՝ թուրքմենական գազը կներկրվի Իրան, իսկ այնուհետև նույն ծավալով իրանական գազը՝ Հայաստան: Առաջին հայացքից շատ տրամաբանական ու էներգետիկ հաղորդակցությունների համաշխարհային պրակտիկային համահունչ մոդել է:

Սակայն հարցն ավելի խորքային մակարդակում ուսումնասիրելիս՝ ի հայտ են գալիս բազմաթիվ քաղաքական, տնտեսական ու աշխարհատնտեսական հանգամանքներ, որոնք, հաշվի առնելով կառավարության «հարուստ» կադրային բազան, դժվար թե հաշվարկված լինեն: Հակառակ դեպքում չէր լինի նաև նման հայտարարություն: Գոնե առայժմ:

1. Ինչպես վկայում է միջազգային փորձը, սվոփը գրեթե միշտ ավելի թանկ է ուղղակի մատակարարումից: Հաշվի առնելով թուրքմենական գազի արտահանման միջին գինը (200 դոլար), ինչպես նաև Իրանի՝ Հայաստանի սահմանին ներկայումս կիրառվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև սվոփի ֆինանսական սպասարկման վճարները՝ առաջարկվող մոդելը չի կարող մրցունակ լինել գործող՝ Մոզդոկ-Թբիլիսի միջանցքի համեմատ:

2. Թուրքմենստանից սվոփային ներկրում իրականացնելու նախագիծը մշակվել ու առաջարկվել էր դեռ 2016 թ.՝ Կ. Կարապետյանի կաբինետի կողմից՝ լիովին այլ քաղաքական ու տնտեսական պայմաններում: Նախ՝ 2016-ին Մոսկվան ու Աշխաբադը դեռ գտնվում էին «գազային կոնֆլիկտի» պայմաններում, «Գազպրոմը» դադարել էր թուրքմենական գազ ներկրել ու դրա արդյունքում միլիարդավոր դոլարների կորուստներ կրող «Թուրքմենգազը» ակտիվորեն նոր շուկաներ էր փնտրում, ինչը միշտ չէ, որ հաջողությամբ էր պսակվում: Այժմ, սակայն, ռուս-թուրքմենական գազային վեճը կարգավորված է, ու արդեն 2019 թ. ամռանը կողմերը պայմանագիր ստորագրեցին թուրքմենական գազը ՌԴ արտահանելու վերաբերյալ: Ստեղծված իրավիճակում դժվար է պատկերացնել, որ «Թուրքմենգազը» կցանկանա Հայաստանում հակակշիռ ստեղծել «Գազպրոմին», առավել ևս հաշվի առնելով հայաստանյան շուկայի համեստ ծավալներն ու այդտեղ ռուսական կապիտալի ներկայության զուտ աշխարհաքաղաքական նպատակադրումը:3. 2016 թ. Աշխաբադի՝ Հայաստանի ուղղությամբ որոշակի ակտիվությունը պայմանավորված էր Թուրքմենստանում գազալցակայանների մեծ ցանցի կառուցման ծրագրով, որը, ինչպես ենթադրվում էր, պետք է իրականացնեին հայաստանյան ընկերությունները՝ կառավարության (Կ. Կարապետյանի) անմիջական աջակցությամբ: 2018-ի իշխանափոխությունը ձախողեց ծրագիրը, ու այժմ այն հանված է օրակարգից:

4. Իրանի էներգետիկ ինտեգրացիոն քաղաքականությանը որևէ ձևաչափով մասնակից լինելու մասին հրապարակային հայտարարություններ անելուց առաջ համապատասխան մարմինները պետք է առնվազն համաձայնեցնեն դրանք ԱԳՆ-ի հետ՝ տարատեսակ արտաքին քաղաքական փակուղիներից խուսափելու նպատակով: Այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական համագործակցությանը էներգետիկ ոլորտում, պայմանավորված է բացառապես այդ համագործակցության համեստ ծավալներով ու Իրանի՝ Հայաստանի տարածքով երրորդ շուկաներ դուրս գալու իրական հնարավորությունների բացակայությամբ: Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծի դե-ֆակտո սառեցման պատճառը, թերևս, հենց դա է: Հենց դա է նաև Փաշինյանի կողմից դեռ մեկ տար առաջ բանեցվող՝ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազային միջանցքի ձևավորման մասին հռետորաբանության կտրուկ սառեցման պատճառը: Հաշվի առնելով հակաիրանական պատժամիջոցների ընդգծված էներգետիկ բովանդակությունը՝ նմանատիպ հայտարարությունները պետք է նախապես գնահատվեն հենց նշված՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

5. «Ոչ ռուսական» գազի ներկրումը (կլինի Իրանից, Թուրքմենստանից, թե Ուզբեկստանից) չի լուծի Հայաստանի ներսում «սակագնային անարդարության» խնդիրը, քանի որ բոլոր հնարավոր կոնֆիգուրացիաների դեպքում միևնույնն է ներքին սակագնային քաղաքականություն թելադրողը լինելու է երկրի գազատրանսպորտային համակարգի միակ սեփականատեր «Գազպրոմ Արմենիան»։ Ուստի՝ պետք է աշխատել համակարգի կառավարման արդյունավետության, դրանում պետության մասնակցության շարունակական ակտիվացման, ի վերջո՝ տնտեսության որակական զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե սնուցել հերթական քաղաքական միֆը»: